ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետական դեպարտմենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Լաչինի միջանցքի փակումը ծանր հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Մենք Ադրբեջանի կռավարության կոչ ենք անում վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,-գրել է Փրայսը։
Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ–Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։
Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: