Լաչինի միջանցքում այս սադրանքի նպատակներից մեկը ռուս խաղաղապահների հեղինակազրկումն է․ Ռուբեն Վարդանյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Բոլորդ տեղյակ եք ստեղծված բարդ իրավիճակի մասին: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանը արգելափակել է դեպի Արցախ մատակարարվող գազը:

Ավելի քան 120 000 արցախցիների կյանքը, որից 30 հազարը երեխաներ են, կրկին վտանգված է։ Արցախը հումանիտար ճգնաժամի շեմին է։ Բայց Արցախը կոտրել անհնար է։

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակն Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի և արցախահայության անվտանգությունն ու գոյությունը չի կարող որևէ ձևով երաշխավորվել Ադրբեջանի կազմում։ Բաքուն միայն սպառնում է նոր ագրեսիայով և 2020 թվականի պատերազմը շարունակելու պատրվակ է փնտրում։

Երեկվանից փաստացի արդեն երկու օր է՝ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչպես Լենինգրադը՝ 1941 թվականի ձմռանը։ Այս ծայրահեղ իրադրության մեջ ամենակարևորը մեր զգոնությունն է, կարգապահությունը, կազմակերպվածությունը․ մենք խուճապային տրամադրությունների մեջ հայտնվելու իրավունք չունենք: Երբեք չհավատաք ապատեղեկատվությանը, որը թշնամին տարածում է՝ արցախցիների դիմադրության ոգին կոտրելու համար։ Երբեք չտրվեք բամբասանքներին և խուճապային տրամադրություններին։

Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար:

Արցախի իշխանությունները, պատասխանատու կառույցները մշտապես կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Կառավարությունում իմ ղեկավարությամբ 24-ժամյա ռեժիմով գործում է օպերատիվ շտաբ: Մենք ունենք վառելիքի, սննդի բավարար պաշարներ։ Դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս այս պահին չկա։

Մենք անում ենք ամեն ինչ՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և իրավիճակի զարգացումների, ծագող խնդիրների մասին ձեզ օպերատիվ տեղեկատվություն ենք տրամադրելու: Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար տեղեկացնելու է իրավիճակի զարգացման մասին։

Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին. մենք ձեր հստակ աջակցության կարիքն ունենք՝ հումանիտար աղետը կանխելու համար: Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, այլև ուղղակի ահաբեկչություն են Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Միջազգային հանրությունը պետք է վճռորոշ կերպով դատապարտի Ադրբեջանի կողմից բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։

Լաչինի միջանցքում այս սադրանքի նպատակներից մեկը ռուս խաղաղապահների հեղինակազրկումն է։ Ադրբեջանն ամեն ինչ անում է վաղաժամ դադարեցնելու համար ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, որը կոչված է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Անհրաժեշտ եմ համարում խաղաղապահ զորակազմի ընդլայնումը և մանդատի երկարաձգումը։ Բայց, իհարկե, առաջին հերթին, մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա։ Ադրբեջանի նպատակը մեզ ճնշելը, թուլացնելն ու հուսալքելն է: Նրանք պետք է հասկանան՝ հնարավոր չէ կոտրել մեր ոգին, քանի որ սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մենք այստեղից չենք հեռանալու։

Վստահ եմ ՝ այս փորձությունները մեզ ավելի ուժեղ են դարձնելու։ Միավորվելով վտանգի դեմ՝ մենք կկարողանանք պաշտպանել Արցախի՝ ազատության և ինքնորոշման իրավունքը։

 

Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետնախարար