Ենթադրյալ դավադրությունից հետո Գերմանիան ծրագրում է խստացնել զենքի մասին օրենքը

Իշխանությունը բռնի տապալելու և թագավորական ընտանիքի անչափահաս անդամին ազգային առաջնորդ նշանակելու համար ծայրահեղ աջ խմբավորման կողմից ենթադրյալ դավադրությունից հետո Գերմանիան ծրագրում է խստացնել զենքի մասին օրենքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը։

Գերմանական ոստիկանությունն անցած շաբաթ ձերբակալել է 25 մարդու, ովքեր կասկածվում են դավադրության համար: Կասկածյալներից շատերը ծայրահեղ աջ Reichsbürger (Ռայխի քաղաքացիներ) շարժման անդամներ են եղել, որը հերքում է ժամանակակից գերմանական պետության գոյությունը, նշել են դատախազները:

Bild am Sonntag թերթին տված հարցազրույցի ընթացքում Ֆայզերը նախազգուշացրել է, որ Reichsbürger-ը աճող սպառնալիք է Գերմանիայի համար՝ հաշվի առնելով, որ վերջին տարվա ընթացքում կազմակերպության անդամների թիվը 2-ից հասել է 23 հազարի:

«Սրանք անվնաս խելագարներ չեն, այլ կասկածյալ ահաբեկիչներ, որոնք այժմ գտնվում են նախնական կալանքի տակ», – ասել է Ֆայզերը:

Դատախազությունը հայտնել է, որ կասկածյալների թվում կան զենք կրողներ և դրա թույլտվությունն ունեցողներ։ Նրանք փորձել են հավաքագրել ներկա և նախկին զինվորականների։

Ուստի կառավարությունը «մոտ ապագայում էլ ավելի կխստացնի զենքի մասին օրենքները»։

Մինչ այդ իշխանություններն արդեն իսկ առգրավել էին զենքեր կազմակերպության ավելի քան 1000 անդամներից։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ առնվազն ևս 500 մարդ զենք կրելու իրավունք ունի մի երկրում, որտեղ հրազենը հազվադեպ է մասնավոր սեփականությունը լինում: