Պետդեպարտամենտը խոստանում է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնողներին

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է ոչ միայն ցեղասպանության հանցագործության զոհերին հիշելու, այլև ցեղասպանություն թույլ չտալու կարևորության մասին այնտեղ, որտեղ դրա նախադրյալները կան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Աշխարհը պետք է դադար առնի ոչ միայն կորսված կյանքերի մասին հիշելու համար, այլև ուշադրություն դարձնի նրանց, ում ցեղասպանությունը նախկինի պես սպառնում է։ Մտորումների և հիշատակի այս օրը հիշեցում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների կանխարգելմանն ու դրանց արձագանքմանը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վեհ պայքարին մեր հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտության մասին»,-ասվում է հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտի պնդմամբ՝ «ցեղասպանությունը հրեշավոր արարք է»։ «Մեր պարտքն է բարձրաձայնել այդ մասին, իրազեկել և հետագա նպատակային քայլեր ձեռնարկել՝ արդարություն պահանջելով։ Մենք պետք է գնահատենք և հիշենք զոհերի և վերապրածների պատմությունները»,-ասվում է հաղորդագրույան մեջ։

Պետդեպարտամենտը կարծում է, որ «ցեղասպանության սպառնալիքը պահպանվում է այն դեպքում, երբ ցեղասպանության սպիներն ի հայտ են գալիս ամբողջ աշխարհում»։

«Հիշատակելով այս օրը՝ մենք դատապարտում ենք ատելությունը, թշնամանքն ու խտրականությունը, որոնք սնում են Ցեղասպանությունը, և վերահաստատում ենք արդարադատություն իրականացնելու և ցեղասպանություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու մեր հանձնառությունը»,-նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: