Փորձագիտական եզրակացությամբ ևս հաստատվեց ֆոսֆորային զենքի կիրառության փաստը․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ (ԱՀ դատախազության հայտարարությունը` https://t.ly/gSTR): Այս մասին գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ շարունակելով

«Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ` https://artsakhombuds.am/hy/document/761:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ:

Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի: Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։

Ֆոսֆորային զենքը՝

  1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
  2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,
  3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,
  4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը:

Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։