Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Ուկրաինային 275 միլիոն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթը շուտով կուղարկվի»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ այն կներառի «նոր հնարավորություններ՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները և հակազդելու սպառնալիքներին», նաև անօդաչու ռռչող սարքերի հարձակումներին։ Օգնության նոր փաթեթը կներառի նաև հրետանային արկեր, ասել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպառազինությունների և  սարքավորումների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնության նոր փաթեթի մեջ։ Նոր փաթեթի շրջանակում Կիևը զինամթերք կստանա HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, 155 մմ տրամաչափի 80 000 հրետանային արկ, անօդաչու սարքերի հարձակումներին հակազդելու սարքավորումներ, բարձր անցունակությամբ HMMWV բազմաթիրախային ավտոմեքենաներ, շտապ օգնության մեքենաներ և  բժշկական սարքավորումներ, 150 էլեկտրական գեներատորներ և  արշավային հանդերձանք:

Պենտագոնում նշել են, որ Բայդենի վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային 20 մլրդ դոլարի անվտանգության օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ 19,3 մլրդ դոլար այս տարվա փետրվարին ռուսական ներխուժումից հետո:

Դրա շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում հայտնվել են 1600 «Սթինգեր» ինքնաձիգներ, 8500 «Ջավելին» հակատանկային համակարգեր, 700 «Սվիթչբլեյդ» դրոններ, 155 մմ տրամաչափի 142 հաուբիցներ, 38 HIMARS բարձր շարժունակ հրետանային ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի 20 ականանետային համակարգեր, ութ NASAMS զենիթահրթիռային համակարգեր, չորս «Ավենջեր» զենիթահրթիռային համակարգեր և  HARM բարձր արագությամբ հակահրթիռային հրթիռներ։

Բացի այդ, Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է 20 Մի-17 ուղղաթիռ, 45 Տ-72Բ տանկ, ավելի քան 1000 HMMWV ավտոմեքենա, 200 m113 զրահամեքենա, ավելի քան 1800 տակտիկական անօդաչու սարքեր, ինչպես նաև  առափնյա պաշտպանության անօդաչու մոտորանավակներ, պարեկային մոտորանավակներ, հակահրթիռային, հակահամաճարակային և  բազմաֆունկցիոնալ ռադարներ և  ՀՕՊ տարբեր միջոցներ: