Պատերազմ, որը չի կարող չմտահոգել յուրաքանչյուր հայի. դրա ելքից է կախված մեր գոյությունը. 2

Սկիզբը` այստեղ 

Մի կողմից Ռուսական բանակը ոչնչացնում է ուկրաինական տանկերը, զրահամեքենաները, հրետանային ու հրթիռային կայանքները, ինքնաթիռները, ուղղաթիռները, ԱԹՍ-ները, մյուս կողմից Ուկրաինան գրեթե ամեն օր կամ ամեն օր Արևմուտքից ստանում է զենք ու զինամթերք, ռազմական տեխնիկա: Դրա վերջը չի երևում, ճշմարիտ է ասված, որ Արևմուտքը մտադիր է Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին: Դեկտեմբերի 7-ին Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ինքն է ասել, որ հատուկ գործողությունը կարող է երկար տևել։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատ) դեկտեմբերի 7-ին, չնայած հանրապետական մեծամասնությանը, հաստատել է ԱՄՆ 2023թ. ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը` աննախադեպ 858 մլրդ դոլարի չափով։ Այն նախատեսում է Ռուսաստանի բացառումը միջազգային որոշ կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից։ Բացի այդ, բյուջեն ներառում է լրացուցիչ 800 մլն դոլարի օգնության հատկացում Ուկրաինային և Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին տեղեկատվության փոխանակման մշտական ​​արգելք։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ պաշտպանական բյուջեն առճակատման և աննախադեպ բնույթ ունի և ուղղված է Եվրոպական մայրցամաքի երկարաժամկետ ապակայունացմանը։

Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 23։00-ին տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինական բանակին արևմտյան զենք մատակարարելու խնդրի շուրջ։

Կարելի է գրեթե համոզված ասել, որ Անվտանգության խորհուրդը չի ընդունի Ռուսաստանի ակնկալած` ուկրաինական զինված կազմավորումների ռազմական հանցագործությունների կատարումը կանխելուն նպատակաուղղված և Ուկրաինա արևմտյան ծանր սպառազինության մատակարարումն արգելող բանաձևը, քանի որ ԱԽ անդամ երկրների գերակշիռ մասն ԱՄՆ-ի կամակատարն է, խամաճիկը: Եթե նույնիսկ ընդունի էլ, այն իրավական ուժ ու պարտադրող բնույթ չի ունենա:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , Անվտանգության խորհրդում և Գլխավոր ասամբլեայում տարածել է Դոնեցկի «Արդար պաշտպանություն» ՀԿ-ի նամակը՝ Կիևի կողմից Դոնբասի խաղաղ բնակչության հրետակոծության ապացույցներով (լուսանկարներ և այլն): Փաստաթուղթը վերաբերվում է ծանր սպառազինության մատակարարման անթույլատրելիությանը: Հատուկ շեշտադրում է արված ընթացիկ շաբաթվա զանգվածային հրետակոծությունների վրա։

«Այս տարվա փետրվարի 17-ից Ուկրաինայի զինված կազմավորումները ռմբակոծել են (հարվածների մեծ մասը հասցվել է ոչ թե ավիացիայից ռմբակոծելով, այլ հրետանու և հրթիռների միջոցով.- Ա. Հ.) 8897 բնակելի շենք, 2113 քաղաքացիական ենթակառուցվածք, այդ թվում՝ 106 բժշկական և 424 ուսումնական հաստատություն, 813 սոցիալական ապահովության հաստատություն, վճռորոշ նշանակություն ունեցող 59 ենթակառուցվածք, էլեկտրականության, ջրի, ջերմություն և գազի մատակարարման 709 օբյեկտ»,- նշված է «Արդար պաշտպանություն» ՀԿ-ի նամակում։

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծության համար կիրառում են 155 մմ տրամաչափի հրետանի, որն օգտագործում են ՆԱՏՕ-ի երկրները։ Բացի ամերիկյան M- 777 հաուբիցներից, ուկրաինական զորքերին մատակարարվել են գերմանական «PzH 2000», լեհական «Krab» և ֆրանսիական «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք նույնպես օգտագործում են 155 մմ տրամաչափի արկեր:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան