Պատերազմ, որը չի կարող չմտահոգել յուրաքանչյուր հայի. դրա ելքից է կախված մեր գոյությունը

Խոսքն ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից վարվող, գնալով առավել մեծ մասշտաբների հասնող, թեժացող պրոքսի և հիբրիդային պատերազմի մասին է մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի դեմ, որի գոյությունից անմիջականորեն կախված է Հայաստանի և հայերիս գոյությունը: Խոսքը նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետությունների կողմից ՌԴ-ի դեմ վարվող թեև մասնակի, փոքրամասշտաբ, բայց անմիջական ու չհայտարարված պատերազմի մասին է:

Հարկ կա՞ բացատրելու, թե այս ամենն ինչու պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի ու ներքին բազմաթիվ ու կարևոր խնդիրներին զուգահեռ, գտնվի նրա ուշադրության կենտրոնում… Միայն անհույս տխմարները կարող են չհասկանալ, որ առանց Ռուսաստանի, առանց Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյության և, ընդհանրապես, մեր տարածաշրջանում ՌԴ զինված ուժերի զսպող դերակատարության, թուրք- ադրբեջանական տանդեմին ընդամենը մի քանի ժամ է պետք Հայաստանի վրայով անցնելու ու հայերս վերջնականապես ցեղասպանելու համար:

Եվ միայն ներքին թշնամիները, ինչպես, օրինակ, «Սասնա ծռեր» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվածների անդամներն ու համակիրները, Հայաստանում իրենց սև գործը շարունակող սորոսականները կարող են, վերոնշյալ իրականությունը գիտակցելով հանդերձ, միտումնավոր ժխտել այն:

Դոնբասում, ՌԴ-ին միացված մյուս տարածքներում և Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ու նրա դեմ վարվող պատերազմի վերջը չի երևում, իսկ լուրերը, որոնք գալիս են հյուսիսից, գնալով դառնում են մտահոգիչ:

Այո, Պուտինը ճիշտ է ասել, որ Արևմուտքն Ուկրաինան փաստացի վերածել է գադութի և իր գերակայությունը պահպանելու նպատակով, ուկրաինական ժողովրդին օգտագործում է որպես հրանոթի միս, որպես խոյ Ռուսաստանի դեմ, շարունակելով Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել, վարձկաններ ուղարկել, նրան մղում է ինքնասպանության:

Արևմուտքը, սակայն, այս ամենն անում է ոչ միայն Ռուսաստանի թուլացման, հյուծման ու դրանով նրա նկատմամբ իր գերակայությունը պահպանելու, այլև ՌԴ-ի քայքայման, նրան ռազմավարական պարտության մատնելու և նույնիսկ, եթե կարողացավ, որպես պետություն, կործանելու նպատակով: Կրկնում ենք, այժմ կատարվողը Ռուսաստանի համար գոյաբանական պատերազմ է, գոյության կռիվ: Ի վերջո, ուկրաինական ժողովուրդը, որի մի զգալի մասը զորակոչված է ուկրաինական բանակ ու կռվում է Ռուսաստանի դեմ, հրանոթի միս դառնալուց առաջ, սպանում ու վիրավորում է ՌԴ զինծառայողներին ու նույնիսկ խաղաղ բնակչությանը:

Տեղեկությունները, թե Մոսկվան պատրաստվում է նոր զորակոչ հայտարարել, առաջիկա օրերին կամ շաբաթներին մոբիլիզացիայի 2-րդ ալիքն է լինելու, ճիշտ է, կեղծ են, դրա կարիքն առայժմ չկա:

Ճիշտ է նաև, որ այդ տեղեկությունների հեղինակներն Արևմուտքի ազդեցության գործակալները և, ընդհանրապես, ՌԴ ներքին թշնամիներն են, որոնց նպատակը դրանցով հասարակության մի մասի շրջանում խուճապ, ինչպես նաև Պուտինի, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դժգոհություն առաջացնելը, բորբոքելը և այն նույնիսկ ատելության վերածելն է: Բայց կարո՞ղ է որևէ մեկն երաշխավորել, որ հաջորդ կամ մյուս տարի մոբիլիզացիայի 2-րդ փուլի կարիքը չի լինի, չէ՞ որ, ինչպես նշեցինք, պատերազմի վերջը չի երևում:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասն օրերս, «Ведомости»-ի տեղեկացմամբ , ասել է` պետությունը չի կարող երաշխավորել, որ հետագայում մոբիլիզացիա չի լինի:

«Իշխանությունները կարձագանքեն Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ կախված նրանից, թե այնտեղ ամեն ինչ ինչպես կզարգանա,- ասել է Կլիշասը:- Պետք չէ մոռանալ, որ այժմ ագրեսիան իրականացվում է հենց մեր երկրի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից՝ իրենց զենքի և իրենց տնտեսական ռեսուրսների օգնությամբ»։

Սենատորը հիշեցրել է, որ Ռուսաստանի պետական մարմիններին «ոչ ոք չի զրկել» մոբիլիզացիայի հետ կապված որևէ որոշում կայացնելու իրավունքից` կախված Ուկրաինայում իրավիճակի զարգացումից, և հավելել, որ նախագահը սահմանադրական պարտավորություն ունի պահպանել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցել նրա ինքնիշխանությանը։

ՌԴ Բելգորոդի մարզի իշխանություններն օրերս հայտարարել են տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ ստեղծելու մասին: Բելգորոդի մարզում ձևավորվում են մի քանի գումարտակներ այն քաղաքացիներից, ովքեր առողջական կամ տարիքի պատճառով չեն կարող զորակոչվել, բայց ունեն մարտական ​​փորձ և մեծ ցանկություն պաշտպանությանը մասնակցելու։ «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , այս մասին մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը գրել է Telegram-ի իր ալիքում։

Բացի վերոնշյալից, Գլադկովը Telegram իր ալիքում 2 օր առաջ ցույց է տվել Ուկրաինային սահմանակից տարածքներում պաշտպանական կառույցների կառուցման ընթացքը։ «Газета.Ру»-ի փոխանցմամբ , նա աշխատանքը հատկապես կարևոր է համարել Բելգորոդի մարզում ապրող բոլոր բնակիչների անվտանգության ապահովման համար:

Խոսքն ամրաշինական կառույցների` որպես հակատանկային պատնեշներ նախատեսված ու դաշտում դրվող երկաթբետոնե բազմաթիվ քառանիստերի մասին է, որոնց պատրաստումը, տեղադրումը սկսվել է դեռ հոկտեմբերից: Տանկերով և, ընդհանրապես, զրահատեխնիկայով գրհի դեպքում դրանք կարող են ժամանակավորապես կասեցնել գրոհը, դանդաղեցնել դրա ընթացքը:

Ըստ «Ведомости»–ի հրապարակման , նմանաբնույթ լուսանկար է հրապարակել նաև Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզի ղեկավար Ռոման Ստարովոյը: Կառուցվում են պաշտպանական մի քանի գծեր:

Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ է անհրաժեշտություն համարվել վերոնշյալ հակատանկային պատնեշների տեղադրումը, եթե Մոսկվան Ուկրաինայի կողմից մոտ ապագայում չի սպասում աննախադեպ և հուժկու տանկային գրոհ դեպի իր տարածք, առնվազն` չի բացառում դրա հնարավորությունը: Ռուսաստանյան փորձագետներից մեկը վերջերս զգուշացրել էր նշված գրոհի հնարավորության մասին` նշելով, որ այդ դեպքում Ուկրաինայի զինված ուժերին կհաջողվի մի քանի ժամում հասնել նույնիսկ Մոսկվա, քանի որ այդ ուղղությունը լավ պաշտպանված չէ:

Հուսանք, որ փորձագետի  հայտնած վերոնշյալ  տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, կամ որ դրանից հետո ՌԴ զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, բայց անտեսել, որ Ուկրաինան օրեցօր զինվում է արևմտյան ժամանակակից և բավական արդյունավետ սպառազինությամբ, հնարավոր չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

Ներքևի լուսանկարներում` Բելգորոդի և Կուրսկի մարզերում տեղադրված հակատանկային պատնեշները