Նոր բարեփոխումները պետական պահպանության ծառայությունը կվերածեն ուժային ռազմականացված գործիքի․ Արծվիկ Մինասյան

Նոր բարեփոխումները պետական պահպանության ծառայությունը կվերածեն ուժային ռազմականացված գործիքի, որը կհայտնվի գործող իշխանության ձեռքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու և  հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այս գործիքը իշխանությունը կօգտագործի ինչպես ընդդիմախոսներին, այնպես էլ շարքային քաղաքացիներին ահաբեկելու համար»,- նշեց Մինասյանը, մասնավորապես հիշեցնելով, որ պետական պահպանության ծառայության ներկայացուցիչները բազմիցս ուժ են կիրառել ինչպես փողոցում բողոքող քաղաքացիների, այնպես էլ ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմության դեմ։ Մինասյանը նաև  հիշեցրեց, որ դիպուկահարները՝ գտնվելով ավտոմեքենաներում և  խորհրդարանի շենքում, ցուցարարներին պահել են նշանառության տակ։

Պատգամավորը դժգոհեց նաև  օրենքում օգտագործված դրույթներից։ Այսպես, ծառայության աշխատակիցները չեն կարողանա որևէ գործողություն ձեռնարկել վարչապետի նկատմամբ, եթե վերջինս խախտում է օրենքը։ «Այսինքն, եթե վաղը վարչապետը որևէ մեկի ճակատին ատրճանակ դնի, պետական պահպանության աշխատակիցները չեն կարողանա և չեն խոչընդոտի դրան։ Ավելին, նրանք պետք է աջակցեն նրան այդ հարցում»,-տարակուսանք հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Մինասյանի մտավախությունները համեմատեց «Կիկոսի մահը» հեքիաթի հետ: «Վարչապետը չի կրակի, քանի որ ընտրված վարչապետին դա պետք չէ»,-ասաց նա։