Եթե տիկինը վստահ լիներ, որ իմ ահազանգը հերյուրանք է, միանշանակ չէր հրաժարվի դատական պրոցեսից (տեսանյութ)

Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը  2022թ․ սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի կողմից մանկավարժներին հրահանգ իջեցնելու մասին, ըստ որի` մարզպետը մանկավարժներին հրահանգել է ոչ մի դեպքում չանդրադառնալ վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն, չխոսել հայ-թուրքական հարաբերություններից կամ արտահայտվել միայն դրական, պատմության ուսուցիչներին հրահանգվել է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ։

«Քիչ առաջ ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից, Շիրակի մարզպետի կողմից հրահանգ է իջեցվել, բոլոր դպրոցներում մանխոր անցկացնել, խստագույնս հետևել.

  • մանկավարժները, ոչ մի դեպքում չանդրադառնան վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն
  • չխոսել հայ-թուրքական հարաբերություններից, կամ արտահայտվել միայն դրական
  • պատմության ուսուցիչներին հրահանգված է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ

Ուստի սիրելի ուսուցիչներ, Ձեր պարտականությունն է հայեցի դաստիարակել մատաղ սերնդին, Ձեր աշակերտները պարտավոր են իմանալ այն ամենը ինչը կօգնի դրսևորվել իրական հայ…

Առաջարկում եմ չենթարկվել ներկա անհայրենիք ու ստոր պաշտոնյաների հրահանգներին, չդառնալ ուրացման և դավաճանության գործիք

Միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, և թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը Ձեզ հալածի, Ձեր հայ լինելու համար..

Իսկ բոլոր նրանք, ովքեր կգնան ուրացման ճանապարհով, շատ կարճ ժամանակում անձնական պատասխանատվության կենթարկվեն

ՁԵՐ իրական կոչումն է ՀԱՅ մնալն ու ՀԱՅ դաստիարակելը»

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Կարապետ Պողոսյանի սույն գրառմանը․

«Սույն թեման իրականության հետ որեւէ աղերս չունի, սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաեւ փորձ՝ իմ բարի համբավի արատավորման։ Արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել։

Ճիշտ հակառակը՝ իմ՝ մարզպետ նշանակման առաջին իսկ օրերին, գրավոր կարգադրությամբ, մարզի բոլոր դպրոցներում բացվել են պատերազմում զոհված տղաների փառքի անկյուններ, այնուհետև ծառատունկ է կազմակերպվել անվանական ծառերով։ Մնացյալի մասին լռեմ…

Ներքոգրյալ հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել, քանզի բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը՝ էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։

Հորդորում եմ նաեւ լրագրողներին հարցում անել մարզի բոլոր դպրոցներում՝ հարցի իսկությունը պարզելու համար»,- նշել է նա:

«DataLex» հանրային տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ դատարանում դեռևս նման հայց չի գրանցվել։

Վերոնշյալի շուրջ Կարապետ Պողոսյանը նույնպես փաստեց, որ չնայած գրառման օրվանից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն դատարանում մինչ այս պահը նման հայց չի գրանցվել․

«Մինչև էս պահը, անկեղծ ասած, դատարանում նման հայց չի գրանցվել, հակառակ դեպքում գոնե «Դատալեքս» տեղեկատվական համակարգում պետք է նշված լիներ, որովհետև անցել է 2 ամսից ավելի ժամանակ, այսինքն՝ ըստ քաղաքացիական օրենսգրքի՝ իրեն ընձեռված ողջամիտ 2ամիս ժամանակը արդեն ավարտված է, մի բան էլ ավելի։ Ես որևէ ծանուցում չեմ ստացել և մտածում եմ, ունեմ արդեն ներքին վստահություն, որ նման հայցով Շիրակի մարզպետը չի դիմել դատարան։ Ավելին ասեմ՝ ես ի սկզբանե նաև իր հայտարարությունից հետո էլ էի վստահ, որ ինքը չի դիմելու դատարան, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ այդ հրահանգները հնչեցրել է, շատ լավ գիտի, որ այդ հրահանգներից հետո տարբեր դպրոցներում, որոնք  իրեն ենթարկվում են, էսպես կուրորեն ենթարկվող տնօրենները մանկավարժական խորհուրդների նիստեր էին անցկացրել, հրահանգներն արդեն տվել էին և հենց էդ նույն մանկավարժներն էին, որոնք դիմել էին ինձ, ինչպես նաև իր հայտարարությունից հետո ևս մեկ անգամ եկել էին մեր գրասենյակ և հավաստիացրել, որ իրենք պատրաստ են իմ կողքին կանգնել և դատարանում ապացուցել իմ խոսքերի իսկությունը և ստույգ լինելը։ Ինչ վերաբերում է նրան, որ տիկինը դա համարել էր հերյուրանք, եթե ինքը մի փոքր վստահ լիներ, որ իմ կողմից հայտարարված խոսքերը իրենց մեջ հերյուրանք են պարունակում, միանշանակ չէր հրաժարվի էդ դատական պրոցեսների գնալուց», – հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում