Երեկ կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում. Փաշինյան

Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի  իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել  երկաթուղու վերականգնումը:  Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները և դրանց շուրջ ընդհանրությունների արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները: Կարծում եմ՝  ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

Ցանկացած պահի, երբ այդ արձանագրումները թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները

Երեկվա քննարկումները վերաբերել են միայն երկաթուղուն, բայց ես չէի ասի, պետք էլ չի ասել, որ օրակարգում նաև ավտոճանապարհների հարցն է: Այդ հարցում էլ պատրաստ ենք մեր նախկինում հիշատակած 3 անցագրային կետերը բացել և պատրաստ ենք նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծմանը, կառուցմանը լավագույն երթուղով: Դա մեր ճանապարհն է և ենթադրում ենք դրանցով մեծ միջազգային տրանզիտ նաև ապահովել և կրկին ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, կառուցումը: Այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։