ՌԴ-ի և ռուսական խաղաղապահների հետ համագործակցության եզրեր պետք է գտնել, պետք է հստակեցվի Արցախի բանակի դերը․ Սեյրան Օհանյան

Արցախի ղեկավարությունը չի կարող հույս դնել Հայաստանի ղեկավարության վրա, պետք է համապատասխան աշխատանք տանեն մանավանդ ՌԴ-ի և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երբ ասում եմ, որ ՌԴ-ի և ռուսական խաղաղապահների հետ համագործակցության եզրեր պետք է գտնել, պետք է հստակեցվի Արցախի բանակի դերն ու նշանակությունը, որպեսզի միջազգային հանրություն իմանա՝ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է առաջին ազատամարտի ժամանակ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին հակազդելու պայմաններում: Այսինքն ստիպված են եղել ստեղծել ՊԲ-ն:

Երկրորդ, այսօր լուրջ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի խաղաղապահ ուժերի գործունեությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամկետի ավարտից հետո էլ երկարացվի: Որովհետև առանց ռուսական խաղաղապահ ուժերի շատ դժվար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակը չկրկնվի, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախ-Հայաստան ճանապարհը, «Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները նախևառաջ պետք է Արցախի ժողովրդի գոյության, գոյապահպանության և գործունեության հայեցակարգ մշակեն: Ուղղություններից մեկը արտաքին քաղաքականությունն է և դրա շրջանակներում պետք է հստակեցվեն հարաբերությունները հատկապես խաղաղապահ ուժերի հետ, որոնք իրականացնում են Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները: Իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են տիրապետում այդ նրբություններին և այդ ամենը պետք է պահանջել Ադրբեջանից: Իրենց թվում է, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ լռենք, որևէ բան չասենք, չըմբոստանանք, ադրբեջանցիները հենց այնպես լռելու են: Ընդհակառակը, ախորժակն ուտելիս է բացվում»: