Մենք համաձայն չենք Ալմաթիի հռչակագրի մասին Լավրովի մեկնաբանություններին. Իշխան Սաղաթելյան

«Մենք համաձայն չենք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին Ալմաթիի հռչակագրի մասին»,- լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նախ՝ հռչակագիրն ընդունվել է վերապահումներով։ Բացի այդ, դրանում կան կետեր ինքնորոշման մասին։ Լավրովն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է թողնել ապագային, բայց իրավիճակը բարդացել է Պրահայում հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը և Ալիևը Ալմաթիի հռչակագրի հիման վրա համաձայնության են եկել։ Բայց ժողովուրդը Հայաստանի իշխանություններին ինքնորոշման իրավունքից հրաժարվելու իրավունք չի տվել, չնայած Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Լավրովը կամ մեկ ուրիշը պետք է ասի՞, որ մենք հասկանանք։ Հայաստանի իշխանություններն իրենք են այդ մասին բացահայտ ասում»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր. «Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։