Ընդդիմության առաջարկած ձևակերպումները նոր ռիսկեր կառաջացնեն. «Քաղաքացիական պայմանագիր»

Ընդդիմության առաջարկը քննարկվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության կողմից։ Ընդդիմության նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք համընկնում են մեր գաղափարներին և մոտեցումներին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության ԱԺ հայտարարության նախագծի քնարկման ժամանակ, դեկտեմբերի 2-ին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Աղաջանյանի խոսքով՝ նախագծում քիչ չեն այն դրույթները, որոնց վերաբերյալ կողմերը կարող էին հասնել որոշակի պայմանավորվածությունների։ Այնուամենայնիվ, նրանց այդպես էլ չի հաջողվել վերջնական պայմանավորվել։ «Եղել են որոշ ձևակերպումներ, որոնց վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն հակադիր էին։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջարկած ձևակերպումները մինչպատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են»,- ասել է Աղաջանյանը։

Նա նշել է, որ ընդդիմության առաջարկած ձևակերպումները չեն նպաստի համախմբմանը, ընդհակառակը, նոր ռիսկեր կառաջացնեն։