Զելենսկու խորհրդականը նշել է Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինվորականների թիվը

Փետրվարից ի վեր ուկրաինական բանակի անդառնալի կորուստները կազմել են 10.000-13.000 մարդ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնում էր 100 հազար զոհված ուկրաինացի զինվորների մասին։

Ավելի ուշ նրա ելույթից հեռացվեցին Ուկրաինայի զինված ուժերի զոհերի տվյալները, իսկ խմբագրված հաղորդագրությունը վերահրապարակվեց:

ԵՀ-ի ղեկավարի մամուլի ծառայությունը դա բացատրել է որպես անճշտություն և նշել, որ խոսքը զոհվածների ու վիրավորների մասին է։

«Ուկրաինայի կորուստների վերաբերյալ, իհարկե, տիկին Ուրսուլան սխալվել է, դա ակնհայտ է: Այդ պատճառով նրանք ջնջեցին այս տեսանյութը, հանեցին այս թվերը: Որովհետև մենք ունենք Գլխավոր շտաբի պաշտոնական գնահատականները, որոնք ասում է Գերագույն գլխավոր հրամանատարը: Դրանք տատանվում են 10-ից մինչև 12,5-13 հազար զոհ»,- ասել է Պոդոլյակը ուկրաինական միասնական հեռուստամարաթոնի եթերում։

Սեպտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը տվել են ավելի քան 61,000 զոհ և 49,000 վիրավոր: