«Հայոց պատմություն»-ից 20 միավոր հավաքել է 5 դիմորդ, իսկ «Աշխարհագրություն»-ից՝ ոչ ոք

Հունիսի 11-28-ն անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ Հունիսի 25-ի դիմորդները քննություն են հանձնել՝ «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։

Արդեն կատարվել է 2024թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը, համաձայն որի՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1320 դիմորդ, քննությանը մասնակցել է 1224-ը, միջին միավորը եղել է 11.98-ը։

ԳԹԿ փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 242 հոգի կամ մասնակիցների 19.8 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 168 դիմորդ կամ մասնակիցների 13.7 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 92 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 71, և 20 միավոր՝ 5 դիմորդ։

2023 և 2024թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատությամբ պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է 557 դիմորդ, երկրորդ փուլում՝ 1084. 2024թ. մասնակիցների թիվը եղել է 1059 և 1224։