Ուսուցիչների ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Այս տարվանից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է շուրջ 5495 ուսուցիչ․ տվյալները հրապարակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն: Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է.  ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։