Ռուսաստանի դեմ ոչ միայն Ուկրաինան է կռվում, այլև ողջ Արևմուտքը, այն, ինչ հիմա կատարվում է, ՌԴ-ի համար գոյության կռիվ է

Երեկ ՌԴ Կուրսկի մարզի երկու շրջան մասամբ հոսանքազրկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով: Մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում գրել է, որ այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինական զորքերն այսօր հրետակոծել են  ՌԴ երեք սահմանամերձ մարզեր, կրակի տակ են հայտնվել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի բնակավայրերը։ Հրետակոծության հետևանքով տուժածներ չկան, մի քանի տներ վնասվել են։ Մեկ բնակավայրում` Բրյանսկի մարզի Սուզեմկա շրջանային կենտրոնում, որը գտնվում է Ուկրաինայի Չեռնիգովի մարզի հետ սահմանի մոտ, խափանվել է էլեկտրամատակարարումը:

Ռուսաստանի սահմանամերձ շրջանների հրետակոծությունները և հրթիռակոծությունները տեղի են ունենում գրեթե ամեն օր. բացի Բելգորոդի և Բրյանսկի մարզերից, պարբերաբար կրակի տակ է ընկնում նաև Կուրսկի մարզը։ Մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտի խոսքով` երեկ և այսօր ուկրաինացիները կրակել են Տետկինո գյուղի ուղղությամբ։ Չորեքշաբթի օրն այնտեղ 6 արկ է ընկել, որոնցից երկուսը հարվածել են բնակելի շենքին։

Անցած գիշեր Կրասնոյարսկում հրդեհվել է  «Взлётка Плаза» առևտրի կենտրոնը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի մակերեսը կազմում է 200 քմ. Տեղում աշխատել է 18 միավոր տեխնիկա, մոտ 60 անձնակազմ: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։

Երկու օր առաջ, ինչպես Life-ն է տեղեկացրել, Օմսկում այրվել է «Տրիումֆ» առևտրի կենտրոնը։ Հրդեհը հաջողվել է բավականին արագ հանգցնել, զոհեր չկան։

Այսօր Բրյանսկի մարզում նավթամթերքով ռեզերվուար է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմում է 1800 քմ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 80 մարդ և 30 տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք։ Նաև բռնկման վայր է ուղարկվել Բրյանսկի մարզում ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության ավիացիոն խմբավորումը։

Դարձյալ այսօր Պերմում հրդեհվել է ՋԷԿ-9-ի տարածքում գտնվող արտադրամասերից մեկը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հրդեհը բարդության 3-րդ թիվն է ստացել։ Հրդեհը բռնկվել է տուրբինային արտադրամասում, կրակը ճարակել է շենքի, ինչպես նաև կաթսայատան տանիքը։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 10:58-ին: Հրդեհի մարմանը ներգրավվել են է ԱԻՆ 79 աշխատակից և 23 միավոր տեխնիկա։

Թեև ռուսական լրատվամիջոցներում հրդեհի վերոնշյալ դեպքերը չեն կապվում ընթացող հակամարտության հետ, բայց կարելի է ենթադրել, որ դրանք կամ դրանց մի մասը ՌԴ տարածքում թշնամու դիվերսիաների հետևանքն են:

 

Արթուր Հովհաննիսյան