Ի՞նչն է խանգարում Հայաստանին հանդես գալ նոր միություն ստեղծելու առաջարկով․ ի՞նչ կտա դա (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հրադադարակի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստերին թե Հայաստանի և թե Արցախի սահմանին, ինչի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարություն է տարածել, որում հաստատել է ադրբեջանական կողմի սադրանքները, և ինչի հետևանքով 2 հայ զինծառայող է վիրավորվել՝ բանախոսն ընդգծեց, որ  դա Բաքվի գործելաոճն է․Ադրբեջանը ինչպես սեպտեմբերին էր անընդհատ խախտում հրադադարը, «հիմա էլ է նույն քաղաքականությունը վարում, անընդհատ խախտում է և, իհարկե, մեղադրում հայկական կողմին, որպեսզի նորից լայնամասշտաբ պատերազմ սկսի։ Դրա մասին վկայում են մի շարք փաստեր, օրինակ վերջերս Ադրբեջանը սկսել է ավելի արագ և մեծ թվով զենք ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից և Վրաստանի տարածքով հասցնում է իր երկիր, բացի դրանից՝ այլ փաստեր կան․ Ադրբեջանի նախագահն անընդհատ իր հանրությանը խոստում էր տալիս, թե մինչև տարեվերջ հայկական կողմը կստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, բայց ըստ էության դա ստորության պայմանագիր է կամ նոր կապիտուլյացիայի պայմանագիր, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը պատրաստել է իր հանրությանը, որ նման փաստաթուղթ ստորագրվելու է, ինչով հայկական կողմը ճանաչելու է Արցախը որպես ադրբեջանական մաս, իսկ հնարավորություն է տալու Ադրբեջանին և Թուրքիային, որպեսզի իր տարածքը միջանցք օգտագործեն։ Հիմա այս խոստումները չեն իրականացել, Ադրբեջանը շարունակում է զինվել, և այդ ամենը վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ագրեսիայի Հայաստանի դեմ և ինչու ոչ նաև Արցախի դեմ, որովհետև կարող է օգտվել աշխարհում տիրող վիճակից»։

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հերթական մանիպուլյատիվ հայտարարություններից՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք արվում են պարզապես վախ ներշնչելու համար, իրականում Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է դրա անընդունելիության մասին։

Բանախոսից նաև հետաքրքրվեցինք, թե ինչն է խանգարում Հայաստանին հանդես գալ նոր միություն ստեղծելու առաջարկով՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի շահերի համընկնումը Հայաստանի շահերի հետ, ինչին կարող են միանալ նաև այլ պետություններ, օրինակ՝ Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս և այլն, և ինչի արդյունքում նոր աշխարհակարգի ձևավորման այս ժամանակաշրջանում Հայաստանը հնարավորություն կունենա լինել ոչ թե գործիք, այլ գործոն։ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը միանշանակ ունի նման հնարավորություն՝ օգտվելով իր ռազմավարական տարածշրջանային կարևոր դիրքից և միակ պետությունն է, որը միաժամանակ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ և ունի ուղիղ սահման Իրանի հետ, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, բայց չունի ուղիղ կապ, և հետևաբար «ինչն է մեզ խանգարում, եթե այդ եռակողմ միությունը հենց մենք առաջարկենք։ Խոչընդոտներ միանշանակ կան, բայց ես կարծում եմ, որ դա բխում է ՀՀ շահերից»։

Միջազգայնագետը հստակ ուրվագծեց բոլոր այն խոչընդոտները, որոնց արդյունքում նման ծրագիր կյանքի չի կոչվում, և առաջին հերթին այդ խոչընդոտները հենց Հայաստանի ներսում են։

Խոսել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի վերականգման կարևորության մասին, հաշվի առնելով նաև Ջեյսմ Ուորլիքի հարցազրույցում տեղ գտած այն միտքը, որ իր խորին համոզմամբ, համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար։

Անդրադառնալով ԱԱԾ արխիվների ոչնչացման հարցի բարձրացմանը ԱԺ-ում՝ Անդրանիկ Հովհաննիսյանը հակիրճ արձագանքեց՝ ասելով, որ սա պարզապես փորձ է մաքրելու իրենց անցյալը։

Հաղորդման վերջում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ բանախոսը կոչ արեց բոլոր անբիծ կենսագրություն ունեցող անհատներին միավորվել և միասնաբար պայքարել Հայրենիքի փրկության համար․

«Սա առաջարկ թող լինի, որ ինձ նման մարդիկ միավորվեն, քանի որ մենք բոլորս մաքուր ենք, մեր պատմության մեջ չկան այնպիսի դրվագներ, որոնք կարող են օգտագործել մեր դեմ, միավորվենք մենք և ստեղծենք այդ ընդդիմությունը», – ամփոփեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում