Ի՞նչ է պետք իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Հայկական ժամանակակից քաղաքական դաշտում ռուս-թուրքական հարաբերությունների մասին տարբեր ու հակասական կարծիքներ և մեկնաբանություններ են տարածված: Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ Ռուսաստանն ու Թուրքիան հանդիսանում են թշնամի պետություններ, մարդկանց մեկ ուրիշ խումբ կարծում է, որ այս երկու պետությունները համագործակցում են, ավելին՝ Հայաստանին հասցվող բոլոր վնասների և հարվածների հետևում կանգնած են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Ռուսաստանը:

Այնուամենայնիվ, սրանք պետություններ են, որոնք պատմության ընթացքում միմյանց դեմ փաստացի պատերազմել են 24 անգամ, և որոնց շահերն այժմ էլ բախվում են աշխարհաքաղաքական բազմաթիվ կիզակետերում: Չնայած այս փաստին՝ բավական տարածված են ռուս-թուրքական «բարեկամության» մասին խոսակցությունները: «Հայկական ալիքը» բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում ռուս-թուրքական հարաբերությունները մեր օրերում:

Արդյո՞ք իրականում գոյություն ունի «ռուս-թուրքական բարեկամությունը», թե՞` ոչ:

Թուրքիան տարածաշրջանային խոշոր տերություն է, իսկ Ռուսաստանը՝ գերտերություն: Երկու պետությունները ցամաքային ընդհանուր սահման չունեն, իսկ ջրային սահմանն անցնում է Սև ծովով: Եվ չնայած նրանց հարաբերություններում առկա որոշակի կայունությանը և տնտեսական համագործակցությանը՝ երկու պետությունների աշխարհաքաղաքական լարված պայքարն ընթանում է գրեթե միևնույն գոտիների համար: Ըստ էության՝ երկկողմանի հարաբերություններում համեմատաբար խաղաղ կամ ոչ ճգնաժամային փուլերը արագ փոխարինվել են պատերազմներով: Դեռևս 1869թ. Օսմանյան կայսրության պետական գործիչ Ֆուադ փաշան Ռուսաստանը որակել էր որպես «Օսմանյան կայսրության բնական թշնամի»: Ռուս-թուրքական հակամարտության մի այլ պատկերավոր բնորոշում է տվել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը. «Երեք բանի մի՛ հավատա. կնոջը, թուրքին, չխմող մարդուն»: Ռուս-թուրքական հակամարտության էական բաղադրիչ է շարունակում մնալ նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է 1952 թվականից և փաստացի գտնվում է արևմտյան ռազմա-քաղաքական դաշինքի ծիրում։ Այս տրամաբանության շրջանակներում էլ ընթանում է երկու պետությունների միջև հարաբերությունների ծավալումը՝ ունենալով տարբեր դրսևորումներ՝ փաստացի ռազմական բախումից մինչև տնտեսական համագործակցություն։ Այսօր ռուս-թուրքական հակամարտության այս բազմաշերտ ձևաչափի դրսևորումներին կարելի է հետևել միաժամանակ մի քանի տարբեր գոտիներում։

Որո՞նք են այն կետերը, որտեղ բախվում են ռուս-թուրքական շահերը

Մեծ Մերձավոր Արևելք

Մեծ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում որոշիչ դեր է ունեցել սիրիական հակամարտությունը: 2011 թվականին Սիրիայում սկսվեց քաղաքական ճգնաժամ: Թուրքիան, օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցող ցնցումներից, փորձեց մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանային ավելի մեծ նպատակների հասնելու համար Անկարան, վտանգի տակ դնելով Դամասկոսի հետ հարաբերությունները և աջակցելով զինյալ ապստամբ խմբավորումներին, սկսեց ճնշում գործադրել Բաշար ալ-Ասադի կառավարության վրա։ Սիրիայում Թուրքիայի հաջողությունը նշանակում էր Թուրքիայի դիրքերի ամրապնդում այլ հարակից գոտիներում՝ այդ թվում Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, ինչը նոր սպառնալիքներ էր ստեղծելու Ռուսաստանի անվատանգության համար։ Ուստի Ռուսաստանը ևս ներգրավվեց սիրիական պատերազմում՝ աջակցելով Սիրիայի օրինական իշխանություններին և փաստացի պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի դեմ։ Ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին լարվել: 2015 թվականի նոյեմբերին թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական ՍՈՒ-24Մ ինքնաթիռը: ՌԴ նախագահ Պուտինը, կատարվածը որակելով «հարված թիկունքից»՝ կատարված ահաբեկիչների կողմից, նշել էր, որ դա լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով դադարեցվեց գրեթե կես տարի: Ռուսաստանը մասամբ սառեցրեց երկու երկրների միջև տնտեսական կապերը, ինչը հանգեցրեց երկկողմ առևտրի անկմանը:

Սիրիական ճգնաժամը շարունակվում է ու, թեև կողմերը հասցրել են ստեղծել երկխոսության որոշակի մեխանիզմներ, սակայն բուն հակամարտությունն ու պայքարը միևնույն գոտում գտնվող հակադիր շահերի համար պահպանվում է։

Մեծ Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական հակամարտության այլ գոտիներից են Լիբիան, Իրաքը և այլն։

Կենտրոնական Ասիա

Ռուսաստանի և Թուրքիայի համար առաջնային մրցակցային շրջաններից են հետխորհրդային թյուրքալեզու երկրները (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որտեղ այս երկու պետություններից յուրաքանչյուրը ցանկանում է հաստատել կամ պահպանվել ու ընդլայնել իր ազդեցության գոտին: Կենտրոնական Ասիայի երկրները միշտ եղել և մնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում։ Թուրքիան այս պետություններում իր ազդեցությունը մեծացնելու համար տանում է մեծածավալ և բազմաբևեռ աշխատանք՝ ձգտելով սերտացնել լեզվական, կրոնական, մշակութային կապերը Կովկասի և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ։ Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված կարևոր քայլերից է 2009 թվականին ստեղծված Թյուրքական երկրների կազմակերպությունը (ի սկզբանե՝ Թյուրքական խորհուրդ), որին անդամակցում են վերոնշյալ բոլոր թյուրքալեզու պետությունները, և որն ունի ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման միտումներ։

Հարավային Կովկաս

Ռուսաստան-Թուրքիա մրցակցության հաջորդ թատերաբեմը Հարավային Կովկասն է: Այս երկու պետությունների միջև մրցակցությունը սկսվել է դեռևս 18-րդ դարից, երբ Ռուսական կայսրությունը հայտնվեց Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական ավելի մեծ նպատակներ հետապնդելով՝ փորձում էր մեծացնել իր ներկայությունը։ Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես «կամուրջ դեպի Կենտրոնական Ասիա»: Նախիջևանը համարելով թյուրքական աշխարհի դարպասը՝ Թուրքիան մինչ օրս շարունակում է այդ դարպասը «բացելու» քաղաքականությունը: Այստեղ Թուրքիայի ճանապարհին պատնեշ է հանդիսանում Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն է տարածաշրջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան պարբերաբար փորձել է հայկական քաղաքական գործոնի հաշվին մեծացնել Հարավային Կովկասում իր ազդեցությունը, սակայն էական հաջողություններ չէր կարողացել գրանցել։ Միայն 2018-ից հետո Թուրքիան կարողացավ զգալիորեն ընդլայնել իր գործունեությունը, իսկ 2020 թվականից հետո լիարժեք ներգրավվեց Հարավային Կովկասի բոլոր երկրներում՝ այդպիսով նաև նվազեցնելով Ռուսասատանի ազդեցություն։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը բավականին փոխվել է։ Այն Հայաստանը, որը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, ուներ հսկողություն Արցախի տարածքների նկատմամբ, կորցրել է այդ տարածքի 75%-ը, ինչպես նաև ադրբեջանական կողմը 2020 թվականի պատերազմից հետո օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի առնվազն 220 քկմ: Բայց չնայած իրավիճակի փոփոխությանը` Հայաստանն առաջին հերթին  իր աշխարհագրական դիրքի շնորհիվ շարունակում է հանդիսանալ խանգարող հանգամանք Թուրքիայի համար՝ հասնելու իր ծավալապաշտական նկրտումներին: Պատահական չէ, որ թուրքական քաղաքականության մեջ Հայաստանն անվանում են արգելք՝ «անիծյալ սեպ»:

Ինչպես արդեն նշվեց, Ադրբեջանը և՛ թյուրքախոս, և՛ հետխորհրդային պետություն է: 44-օրյա պատերազմից հետո այդ արհեստածին պետության՝ Թուրքիայի «կրտսեր եղբոր» կարգավիճակի մեջ վերջնականապես մտնելը Թուրքիայի համար, կարելի է ասել, խաղաքարտ էր ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ադրբեջանը ներկայումս մեծամասամբ գտնվում է թուրքական ազդեցության գոտում:

Հարավային Կովկասում թուրքական կողմը շահարկում էր նաև Աբխազիայի և Օսեթիայի հարցը:

Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են նաև Բալկաններում, Սև ծովում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և բոլոր այն շրջաններում, որտեղ կա թյուրքախոս բնակչություն:

Հայացք դեպի անցյալ. այն, ինչի մասին ինչ-ինչ պատճառներով չի խոսում գրեթե ոչ ոք

Հայ հասարակության մեջ տարբեր մակարդակներում ռուս-թուրքական հակամարտության միայն մեկ դրվագը՝ 1918-1920-ականներին բոլշևիկների և քեմալականների հարաբերությունները հասարակական տարբեր խմբերում, թերևս, ամենաքննարկվող թեմաներից են: Քննարկումները մեծամասամբ իրականացվում են հակառուսական համատեքստում, և որպես ներկայումս տիրող իրավիճակի զարգացման ամենահնարավոր սցենար բերվում են հենց այս պատմական կարճաժամկետ հարաբերությունները: Գրեթե միշտ խոսվում է այդ ժամանակի ռուս-թուրքական համագործակցության մասին, որն, իբրև, ամբողջությամբ դեմ էր Հայաստանին: Կան կետեր,սակայն, որոնց մասին գրեթե չի խոսվում կամ շատ քիչ է անդրադարձ կատարվում: Նախ պետք է տարբերակել բոլշևիկների և քեմալականների համագործակցության շրջանը դրան նախորդող և հաջորդող շրջաններից: Այս պարագայում երկու կողմերն էլ ունեին իշխանության հասնելու խնդիր՝ ռուսական կողմում բոլշևիկները, իսկ Թուրքիայում՝ քեմալականները: Միայն այդ կարճաժամկետ շրջանը չի կարող, սակայն, ճշգրիտ և լիովին նկարագրել գրեթե 300 տարի տևող հարաբերությունները երկու պետությունների միջև: Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունները թշնամական են եղել, ինչի տարբեր դրսևորումները տեսնում ենք մինչ օրս, արտահայտվել և արտահայտվում է բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների խոսույթում: Թուրք քաղաքական գործիչ և լրագրող Ասըմ Ուսը գրել է. «Բոլշևիկյան Ռուսաստանը ստիպեց, որ մոռանանք ցարական Ռուսաստանի թշնամանքը մեր հանդեպ»: Սակայն տեսնում ենք, որ այդ կարճաժամկետ հարաբերություններն ավելի ուժեղ չգտնվեցին, քան տասնամյակների թշնամանքը միմյանց նկատմամբ, բազմաթիվ պատերազմները, հակադիր շահերը և այլն:

Ներկայիս իրավիճակը թեև շատ հարցերում նման է 100-ամյա վաղեմության դեպքերին, սակայն լիակատար նմանություն չկա: Իրավիճակի համատեքստերի տարբերություն կա, որը շատ դեպքերում հաշվի չի առնվում:

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ծիրում այսօր. ի՞նչ պետք է հասկանալ

Ռուսաստանին, որն արդեն 9 ամիս է, ինչ գտնվում է ռազմական բախման մեջ Ուկրաինայի հետ, արդյո՞ք պետք է ռազմական գործողությունների երկրորդ ճակատ:

Ակնհայտ է Ռուսաստանի առավել զգույշ քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես Թուրքիայի հետ: Սա ավելի վառ դրսևորվում է հատկապես հիմա, երբ Ռուսաստանի գրեթե ողջ ռեսուրսները կենտրոնացված են Ուկրաինայում: Թուրքիայի հետ կապված ցանկացած անզգույշ քայլ կարող է նոր և մեծ բախման ճակատ բացել Ռուսաստանի համար:

Ռուսաստանի համար մեկ այլ խնդիր է այն, որ Թուրքիան գտնվում է Արևմուտքի ազդեցության գոտում: Ինչպես արդեն նշվեց, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, և Արևմուտքն է զինում Թուրքիային: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կարելի է հանդիպել Թուրքիայում ռուսական ազդեցությունը մեծացնելու և Թուրքիային Արևմուտքի ազդեցության գոտուց հանելու շատ անգամներ փորձված քայլերի՝ հիմնականում տնտեսական համագործակցության տեսքով (ինչպես օրինակ՝ մեր օրերում համատեղ ատոմակայանի կառուցումը Թուրքիայում), որոնք, ի դեպ,միշտ չէ, որ ավարտվում են հաջողությամբ:

Իհարկե, Հայաստանը գերկարևոր դեր ունի ռուս-թուրքական հարաբերություններում: Ռուսաստանը միակ երկիրն է, որը ներկայումս Թուրքիայի տարածք հանդիսացող հայկական հողերը պետական մակարդակով կոչել է «Արևմտյան Հայաստան»: Խոսքը վերաբերում է ՌԴ Պետական Դումայի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:

Այսպիսով, Ռուսաստանին և Թուրքիային կարելի է համարել հակամարտող կողմեր, որոնք, սակայն, որոշ դեպքերում կարող են գործակցել ըստ իրավիճակի և կոնկրետ համատեքստի: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան աշխարհաքաղաքական այս իրադրությունում, կարելի է ասել, բավականին հարաբերական է։

 

Աղբյուր՝ hayaliq.com