Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։ Հրատապ գրություններ եմ պատրաստում միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։

Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»։