Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը Մակրոնից նեղված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային համաժողովի ժամանակ ասել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված իր, Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հանդիպումը չի կայանա։ Նրա խոսքով՝ Երևանը նախօրեին պայման է առաջ քաշել, ըստ որի՝ խոսակցությունը տեղի կունենա միայն Փարիզի մասնակցությամբ, ինչը չի համապատասխանում Բաքվի դիրքորոշմանը։

«Հաջորդ հանդիպումը Բրյուսելում նախատեսված էր դեկտեմբերի 7-ին։ Սակայն երեկ Շառլ Միշելի գրասենյակից իմ օգնականի միջոցով տեղեկություն ստացա, որ վարչապետ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը մեկ պայմանով՝ նախագահ Մակրոնը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Սա նշանակում է, որ հանդիպում չի լինելու»,-news.ru հաղորդմամբ՝  ասել է Ալիևը։

Նա հիշեցրել է, որ Պրահայում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ անց Մակրոնը հակաադրբեջանական հայտարարություններ է արել, իսկ դրանից հետո Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին սատարող բանաձև։ Բաքվի բռնապետի խոսքով՝ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Ֆրանսիան չի կարող լինել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս։