Դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ Նոյեմբերի 24-ի նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքնում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման»,–ասաց Փաշինյանը, հույս հայտնելով, որ կհասնեն ընդհանուր հայտարարի։

«Չնայած նրան, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ դրական եմ համարում քննարկումը և դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: