Պենտագոնը դատապարտել է Թուրքիայի հարվածները Սիրիայի և Իրաքի դեմ

Սիրիայում և Իրաքում Թուրքիայի հարվածները սպառնում են այդ տարածքներում գործող ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, ասել է պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Փեթ Ռայդերը՝ կոչ անելով անհապաղ դեէսկալացնել իրավիճակը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնացել են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, որոնք այնտեղ աշխատում են տեղական գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու համար»,- ասել է Ռայդերը Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով, «չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը»։

Գեներալը նաև ասել է. «Մենք ընդունում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում: Մենք կշարունակենք Թուրքիայի և մեր տեղական գործընկերների հետ քննարկել հրադադարի պահպանման հարցը»,- նշելով, որ Պաշտպանության նախարարությունը խորապես մտահոգված է Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրացումներով:

Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերջին օրերին հարվածներ են հասցնում քրդական պարագլուխների դիրքերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերացնելու է ահաբեկչությունը, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: