Հունաստանը Թուրքիայի կողմից պատերազմի սպառնալիքի է բախվում․ Նիկոս Դենդիաս

Հունաստանը Թուրքիայի կողմից պատերազմի սպառնալիքի է բախվում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

Նրա խոսքով՝ Աթենքը բախվում է իր ինքնիշխանության հանդեպ մարտահրավերի, հիբրիդային սպառնալիքների շարքի և երկիրը արտերկրում վարկաբեկելու բացահայտ փորձի: Նա նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև մեկ անգամ չէ, որ բախումներ են եղել, սակայն ներկայիս իրավիճակը տարբերվում է իր շարունակականությամբ։

«Ճգնաժամերը (Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում) սահմանափակ են եղել ժամանակի առումով և միշտ ուղեկցվել են երկխոսության ժամանակաշրջանով՝ շատ թե քիչ հաջող, սովորաբար՝ քիչ հաջող։ Սակայն այս երկխոսությունը հանդարտեցրել է իրավիճակը։ Այս անգամ դա տեղի չունեցավ»,- ասել է նա։

Դենդիասը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը գնալով սրվում է, և շարունակվում է արդեն երեք տարի, եթե ոչ ավելի: Հունաստանի արտգործնախարարը դա աննախադեպ է անվանել՝ նշելով, որ Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը` Էգեյան ծովի արևելյան կղզիների նկատմամբ։