Եվրախորհրդարանը Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչության հովանավոր պետություն»

Եվրախորհրդարանի անդամները չորեքշաբթի օրը Ստրասբուրգում լիագումար նիստում քվեարկել են մի բանաձևի օգտին, որում Ռուսաստանը որակվում է «ահաբեկչության հովանավոր և ահաբեկչության միջոցներ օգտագործող պետություն»։ Այս մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:

Բանաձևն ընդունվել է 494 կողմ ձայներով, 58 խորհրդարանականներ դեմ են քվեարկել այս փաստաթղթին, 44-ը ձեռնպահ են մնացել։

Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանին ուղղված մեղադրանքների ցանկ՝ ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Բանաձևն առաջարկում է նաև արձագանքների շարք, որոնք, Եվրախորհրդարանի կարծիքով, ԵՄ-ը պետք է ցույց տա ՌԴ-ին։

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին «ընդլայնել պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը»։ Բանաձևը «ԵՄ բոլոր թեկնածու երկրներին և պոտենցիալ թեկնածուներին կոչ է անում միանալ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությանը»:

Եվրահանձնաժողովին առաջարկվում է «օրենսդրական առաջարկ կատարել՝ մարդու իրավունքների ոլորտում փոփոխելու ԵՄ գործող գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, ընդլայնելով դրա շրջանակը՝ ներառելով կոռուպցիոն ակտերը և անհապաղ կիրառել նպատակային պատժամիջոցներ Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև ԵՄ-ում նրանց գործընկերների և շահառուների կոռուպցիայի համար պատասխանատուների դեմ:

Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին հրավիրում է «դիտարկել հնարավոր միջոցները այն երկրների դեմ, որոնք փորձում են օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», ինչպես նաև «հորդորում է Հանձնաժողովին ապահովել, որ ԵՄ պատժամիջոցների խախտման համար ազգային պատժամիջոցները լինեն արդյունավետ, համաչափ և համոզիչ»:

Եվրախորհրդարանի պատգամավորների առաջարկությունների թվում են նաև «անհապաղ և ամբողջական էմբարգոն սահմանել ԵՄ ռուսական վառելիքի և ուրանի ներմուծման վրա, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներն ամբողջությամբ մերժել: