Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։

Նորածնին Վան են կոչել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 17–ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ կեսարյան հատմամբ, 2 կգ 400 գրամ քաշով և 46 սմ հասակով։
Մայրը՝ 49-ամյա Անահիտ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պատմում է, որ Վահեի ամենամեծ երազանքներից մեկն էր եղբայր կամ քույր ունենալը և ծառայության ընթացքում զանգում էր իրեն, խնդրում, որ իրեն եղբայր կամ քույր պարգևեն։
«Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը։ Ես ուզում եմ, Վանը հպարտ լինի, որ Վահեի եղբայրն է։ Աննկարագրելի է, Վանը փոխեց մեր ընտանիքի մթնոլորտը, հնարավորություն տվեց, որ մեր դեմքին մի փոքր ժպիտ գա»,-ասում է տիկին Անահիտը։
21-ամյա Վահե Կարապետյանը պարտադիր ժամկետային ծառայությունից վերադարձել էր 2019-ի ամռանը, սովորում էր Երեւանի պետական համալսարանում, մասնագիտությամբ դեղագործ էր։ Վահեն աշխատում էր NEWS.am լրատվական կայքում որպես օպերատոր, մոնտաժող։ 44–օրյա պատերազմի ժամանակ նա հնարավորություն ուներ պատերազմ չմեկնելու, սակայն կամավոր մեկնել է Արցախ։ Նա մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, որից հետո տեղափոխվել է Երևան։ Նոյեմբերի 9-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Վահեն մահացել է։

«Ասում էր՝ ես հո փալա՞ս չեմ, որ փողոցում քայլեմ, ինձնից փոքր տղաներն առաջնագծում կռվում։ Ինձ անընդհատ ասում էր՝ մամ ջան, ես փալաս չեմ»,– պատմում է մայրը։

Վահե Կարապետյանը հետմահու Արցախի իշխանությունների կողմից պարգևատրվել է «Արիության» մեդալով։