Կատաղած շներին գնդակահարում են, «հրացանն» էլ կարող է լինել միջուկային

Ի գիտություն եվրոպական հնարավոր խելագարներին և ՆԱՏՕ-ին

 

Երեկ երեկոյան լեհական լրատվամիջոցները հայտնել են, որ լեհական Պշեվոդուվ գյուղում երկու հրթիռ է ընկել, դրանք հարվածել են հացահատիկի չորանոցին, արդյունքում զոհվել է Լեհաստանի երկու քաղաքացի, վնասվել է նաև գյուղատնտեսական մեկ տրակտոր:

Լեհաստանի արտգործնախարարությունը, լեհական և եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ դեռ իրականությունը չպարզված (հետաքննությունը դեռ ընթացքում էր), միտումնավոր, սադրիչ նպատակով հայտարարել են, թե երկրի արևելքում ընկած հրթիռներն ռուսական արտադրության են։ Լեհաստանը բարձրացրել է որոշ զորամասերի և ուժային կառույցների մարտական պատրաստվածությունը։

Հաղորդվում է նաև, որ մարտական ​​ինքնաթիռները երկինք են բարձրացվել Տոմաշով Մազովեցկի քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից։ Լեհաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Լեհաստանում ՌԴ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` միջադեպի հետ կապված բացատրություններ տալու, նրան հանձնվել է նոտա և զգուշացվել է, որ կարող է արտաքսվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միջադեպի մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո հայտարարել է, որ Լեհաստանը խոցվել է ռուսական հրթիռներից։

Ի հակառակ վերոնշյալի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մի փոքր ավելի ուշ հայտարարել էր, որ Լեհաստանը որևէ որոշակի և համոզիչ ապացույց չունի, թե որ երկիրն է արձակել հրթիռները, որոնք պայթել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն անմասնակից է Լեհաստանում հրթիռների հետ կապված միջադեպին:

Ավելին. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր առավոտյան Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարների հետ արտակարգ հանդիպումից հետո լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են այն պնդումները, թե Լեհաստանում ընկած հրթիռներն արձակվել են Ռուսաստանից։

Ըստ ԱՄՆ նախագահի, նախնական տեղեկատվությունը հերքում է այն փաստը, որ Լեհաստանում ընկած հրթիռները թռչել են Ռուսաստանից։ Ավելի ուշ Բայդենը Հյուսիսատլանտյան դաշինքի և G7-ի գործընկերներին տեղեկացրել է, որ Լեհաստանում պայթյունը տեղի է ունեցել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռների պատճառով. այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է «Reuters»-ը` հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ երեկ երեկոյան կտրականապես հերքեց հրթիռների` ռուսական արտադրության, ինչպես նաև Ռուսաստանից արձակված լինելու մասին կեղծ լուրերը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ լեհական Պշեվոդուվ բնակավայրի տարածքում «ռուսական» հրթիռների ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնյաների հաղորդագրությունները միտումնավոր սադրանք են՝ իրավիճակը սրելու համար։

«Ռուսական ոչնչացման միջոցներով ուկրաինա-լեհական պետական ​​սահմանի մոտ գտնվող թիրախներին ոչ մի հարված չի հասցվել»,- նշված է ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն նշել է նաև, որ դեպքի վայրից լեհական լրատվամիջոցների ներկայացրած «բեկորները որևէ առնչություն չունեն ռուսական զենքի հետ»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ փորձագետները Լեհաստանում պայթյունի վայրում հայտնաբերել են ուկրաինական С-300 հակաօդային պաշտպանության համալիրի կառավարվող հրթիռի տարրեր:

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցվել միայն Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին և Լեհաստանի հետ սահմանից ոչ ավելի, քան 35 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ «Associated Press» գործակալության, դրանք ուկրաինական հրթիռներ են, որոնք արձակվել են ռուսական հրթիռները որսալու համար, սակայն իրենց թիրախներին չհասնելով, ընկել են Լեհաստանի տարածքում:

Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան այսօր ասել է, որ ոչինչ չի վկայում այն մասին, թե Պշեվոդուվ գյուղում հրթիռների ընկնելը հարձակում էր երկրի վրա: Դուդան ընդունել է մեծ հավանականությունը նրա, որ դրանք պատկանել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Բուն միջադեպը նա բնութագրել է որպես «դժբախտ պատահար»։

«Այս պահին մենք ապացույց չունենք, որ դա ռուսական կողմից արձակված հրթիռ է եղել,- ասել է նախագահը։- Շատ բան խոսում է այն մասին, որ դա եղել է հակաօդային պաշտպանության հրթիռ, որը, ցավոք, ընկել է Լեհաստանի տարածքում»:

Ինչպես այսօր հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ներկայանալ չցանկացող ԱՄՆ պաշտոնյային, ուկրաինացի զինվորականները տեղեկացրել են ԱՄՆ-ին և դաշնակիցներին ռուսական հրթիռը որսալու փորձի մասին գրեթե նույն ժամանակ և Լեհաստանում հրթիռի հարվածի վայրից ոչ հեռու:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, որ Լեհաստանում հրթիռի անկումն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքի արդյունքն է։ Կիևը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը միջադեպին, որի հետևանքով զոհվել են երկու լեհեր:

«Առաջինը` մենք ականատես եղանք հիստերիկ ու կատաղի ռուսաֆոբ ռեակցիայի, որը հիմնված չէ իրական տվյալների վրա,- այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Իրականում տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարություններ են արել՝ առանց պատկերացնելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, որն է պատճառը: Երկրորդ. նման արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբեք չպետք է շտապել գնահատականներ տալ, որոնք կարող են սրել իրավիճակը»։

«Լեհական ֆերմայում ուկրաինական «հրթիռային հարվածի» պատմությունը միայն մեկ բան է ապացուցում. Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հիբրիդային պատերազմով մեծացնում է համաշխարհային պատերազմի հավանականությունը»,- այսօր Twitter-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Թվում է, թե Լեհաստանում ՌԴ-ին վերագրված, բայց իրականում ուկրաինական հրթիռների ընկնելու հետ կապված պատմությունը պետք է ավարտված համարել, ամեն ինչ պարզ է, նույնիսկ Բայդենն է իրականությունը խոստովանել ու ներկայացրել ճշմարտությունը, բայց…

Ինչպես տեղեկացրել է «Коммерсантъ»-ը, Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Քրիստիան Թիլսն այսօր ճեպազրույցում հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ապահովել Բունդեսվերի կողմից Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը` այնտեղ կործանիչներ ուղարկելով:

«Դա կարող է տեղի ունենալ արդեն վաղը, եթե Լեհաստանը ցանկանա»,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ասել է Թիլսը:

Նրա խոսքով՝ «Eurofighter» կործանիչները կարող են պարեկություն իրականացնել գերմանական բազաներից։ Նա հավելել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարն այս հարցը կքննարկի լեհական կողմի հետ այսօր՝ նոյեմբերի 16-ին։ Սա դեռ ոչինչ… Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը կոչ է արել Ուկրաինայի տարածքով ոչ թռիչքային գոտի ստեղծել՝ կապված Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելու հետ։ Նրան աջակցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկը։

Չնայած Բայդենի վերոնշյալ հայտարարությանն ու նշված մյուս իրողություններին, Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Լեհաստանում երկու հրթիռների անկումից հետո Ուկրաինայի երկինքը փակելու հարցը։ Երեկ էլ Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսն է հայտարարել է, որ երկիրը կողմ է Ուկրաինայի երկինքը փակելուն։ Ի դեպ, երեկվա միջադեպի առնչությամբ Լատվիայի կառավարության արտահերթ նիստ է անցկացվելու, եթե, իհարկե, արդեն տեղի չի ունեցել: Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանումը կհանգեցնի դաշինքի և Ռուսաստանի միջև հակամարտության։

Լեհաստանում այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Վարշավան հրավիրում է ՆԱՏՕ-ի Խորհուրդ՝ դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածով խորհրդակցությունների համար: Բացի նշվածից, հիշյալ միջադեպի կապակցությամբ այսօր Մոսկվայի ժամանակով 23:00-ին ՄԱԿ-ում տեղի է ունենալու Անվտանգության խորհրդի նիստ։

Համաձայն ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածի, Դաշինքի անդամներն իրավունք ունեն «խորհրդակցելու միմյանց հետ, եթե, նրանցից որևէ մեկի կարծիքով, պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը հայտնվել է վտանգի տակ»։

ՆԱՏՕ-ն, Արևմուտքը պետք է հստակ գիտակցեն, թե ինչ է սպասվում իրենց` Ուկրաինայի երկինքը փակելու, այսինքն` այն ոչ թռիչքային գոտի հայտարարելու, ՀՕՊ լրացուցիչ համակարգեր տեղադրելու և հիշյալ արգելքը խախտող ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներին խփելու որոշում կայացնելու դեպքում: Կատաղած շներին գնդակահարում են, «հրացանն» էլ կարող է լինել միջուկային:

 

Արթուր Հովհաննիսյան