Իլհամի ցինիզմն ու սուտը, Նիկոլի սուտն ու մանիպուլյացիաները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալյանն է: 

Ստեփան Հասան-Ջալալյանն անդրադարձել է Ադրբեջանի սուլթան, օկուպանտ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին հայկական Շուշից հնչեցրած ցինիկ հոխորտանքներին, սպառնալիքներին՝ ուղղված Արցախի և Հայաստանի Հանրապետություններին, ինչպես նաև ՀՀ Հանրային հեռուստատեսութամբ ու Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ոչ հայանպաստ, ադրբեջանահաճ հայտարարություններին:

Ըստ Ստեփան Հասան-Ջալալյանի.

  • «Ադրբեջանի սուլթան Ալիևը շատ լավ գիտի, որ արցախահայությունը, հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ, այն է՝ իր տարածքների կորստի հետ:
  • «Ադրբեջանի սուլթան Ալիևը խոսել է այն մասին, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերն Արցախից», սա  մանիպուլացիա է, քանի որ ՀՀ-ն Արցախում չունի զինված ուժեր, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես դե ֆակտո պետություն, միջազգային իրավական ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ինքը նպատակահարմար է համարում՝ ապահովելու իր անվտանգությունը: Խոսքս մասնավորապես վերաբերում է 1933թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիային: Համաձայն նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ մյուս պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը…»:
  • Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքն» իրենց տրամադրելու մասին Ալիևի հայտարարությանը, Հասան-Ջալալյանը նկատել է, թե գործ ունենք հերթական կեղծիքի հետ. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Որպեսզի «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը չարմատավորվի դիվանագիտական բառապաշարում, ի դեպ թե՛ ներսում, և թե՛ դրսում, առաջարկում եմ չօգտագործել օկուպանտ Ադրբեջանի սուլթանի կողմից շրջանառության մեջ դրված այդ հասկացությունը, այլ օգտագործել «ճանապարհ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով» ձևակերպումը»:
  • «Ինչ վերաբերում է՝ «Ղարաբաղը մեր հողն է. այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», ալիևյան ձևակերպմանը, ապա սա ակնհայտ սուտ և կեղծ հայտարարություն է: Բնականաբար, Արցախը երբեք չի եղել և այժմ էլ չի հանդիսանում այսպես կոչված ադրբեջանական հող: Մի քանի տասնյակ դարերի պատմություն ունեցող թե՛ իրավական և թե՛ պատմական անառարկելի փաստերը վկայում են, որ Արցախը եղել է հայկական հող:
  • «Իր հայտարարությամբ օկուպանտ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

Բանախոսը համոզված է, որ միայն համազգային ուժերի գերլարմամբ է հնարավոր  իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է հայկական զույգ հանրապետություններում ապրող հայության համար:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: