Կրեմլը «կողոպուտ» է որակել Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու մասին ՄԱԿ ԳԱ բանաձևը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու շուրջ ընդունված բանաձևը Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների «կողոպուտի պաշտոնականացումն է»։

ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ «ռազմական գործողությունների հետևանքով տուժած ուկրաինական օբյեկտների վերականգնման մասին խոսք չկա»։

«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը Ուկրաինային փոխհատուցում վճարելու մասին – խմբ.») փորձում են ավարտին հասցնել մեր ոսկեարժութային պաշարների կողոպուտը։ Կողոպուտի պաշտոնականացում՝ օգտագործելով ՄԱԿ-ը: Որոշումն իրավաբանորեն պարտադիր չէ։ Մենք դեմ ենք», – Պեսկովի խոսքերն է փոխանցում «Коммерсантъ» պարբերականը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու համար, որը ենթադրում է նաև հատուցումների վճարում: Քվեարկությանը մասնակցող 181 երկրներից 94-ը կողմ է քվեարկել բանաձևին, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր: Գլխավոր ասամբլեայի որոշումները իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր չեն՝ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։

Բանաձևի համահեղինակներն են Կանադան, Գվատեմալան, Նիդեռլանդները և Ուկրաինան։ Փաստաթղթում առաջարկվում է ստեղծել «Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործողությունների հետևանքով վնասների, կորուստների փոխհատուցման կամ ավերածությունների վերականգնման միջազգային մեխանիզմ»: