Ռուս պատգամավորն անհրաժեշտություն է համարում Վերին Լարսին փոխարինող ճանապարհների ապաշրջափակումը

Որքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, միևնույն է, առաջնային է այլ ճանապարհների ապաշրջափակման հարցը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը:

ՌԴ պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առթիվ: Պատգամավորներն այսօր հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքային նիստ են ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Ռուս պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գերատեսչությունում: Քննարկման հիմնական թեմաներից է եղել Հայաստանի ու Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի վերաբերյալ հարցերը:

«Որքան էլ ՌԴ-ն գումար ներդնի, ջանքեր գործադրի Վերին Լարսի խնդիրների համար, միևնույն է, բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել: Այսպես ասեմ՝ ինչ հնարավոր է, արվում է ՌԴ-ի կողմից, որ հնարավորության սահմանում մեքենաների թողունակությունն ավելացվի, բայց գիտեք, որ նույնիսկ շաբաթներով հերթեր են լինում: Անհրաժեշտ է այլ ճանապարհների ապաշրջափակում, այդ մասին ևս քննարկում եղել է, ինչ խոսք՝ այստեղ այլ երկրների մասնակցությունը ևս հարկավոր է, առանց իրենց այդ խնդիրը չենք կարող լուծել»,-ասաց Տայսաևը: