Հայաստանն ու ԼՂ-ն Ադրբեջանին առաջարկել են ստեղծել ապառազմականացված գոտի. նախօրեին փոխանցվել է նորացված տարբերակը. Փաշինյան

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ։ Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։

«Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը:

Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,-հայտարարեց նա: