Էրդողանը պատմել է, թե ինչ է ասել Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը, ապա ընդգծել, որ Թուրքիան Հայաստանից դրական քայլեր է ակնկալում տարածաշրջանում։

«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը վերհիշել է նաև Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը. «Նրան (Փաշինյանին-խմբ․) պարզ և հստակ փոխանցեցի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր:

Այս պահին ես չեմ կարող ասել որևէ մակարդակի հասնելու մասին (խմբ․՝ կարգավորման)։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։