Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրն ու դրա հետևանքները (տեսանյութ)

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Արծրուն Հովհաննիսյանը խոսում էր թշնամուն հասցրած հուժկու հարվածների մասին, հայտարարելով՝ «Հաղթելու ենք»։

Սակայն մեր հերոս զինվորների պայքարին զուգահեռ հենց նույն օրը՝ կեսգիշերին, Փաշինյանն ստորագրեց հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը, որով Արցախի 75 տոկոսը՝ Շուշիով հանդերձ, հանձնեց Ադրբեջանին։

Փաշինյանի այդ քայլը հարված էր հայ ժողովրդի թիկունքից։

Ադրբեջանը եռակողմ այդ հայտարարությունն իր հաղթանակը համարեց, բայց դրանով հանդերձ չկատարեց պայմանավորվածությունների զգալի մասը: Մինչդեռ Հայաստանը կատարել ու պատրաստակամ է իրականացրել բոլոր կետերը, այդ թվում և մեր շահերից չբխողները։

Նկատենք, որ 9 կետանոց այս փաստաթուղթը երկու տարիներին դարձել է մոսկովյան բանակցությունների հիմքը։

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրն ու դրա հետևանքները» թեմայի շուրջ Արմինե Սիմոնյանի զրուցակիցը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։

Ստորև ներկայացնում ենք 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը

Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարեցինք հետևյալի մասին (լուսապատճենը կցվում է).

1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

  1. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
  1. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
  1. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  1. Հակամարտության Կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն:
  1. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

  1. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
  2. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
  1. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը: