Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

«2023 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը ռեկորդային կլինեն։ Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի է անցել։ Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացնում, հայտնվում են ուժեր ու շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ», – այդ մասին Շուշիում զինծառայողների առջև ելույթ ունենալով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։

Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Կապանը, Գորիսը։ Մենք Սև լճի ափին ենք։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների առաքելությանը։

«Ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղում, նրանց գտնվելու ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։  Եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս է դնում, ապա նրանք կրկին բախվելու են ողբերգության հետ»,- հայտարարել է Ալիևը։