Ադրբեջանից նոր մեղադրանքներ՝ Հայաստանի հասցեին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երրորդ երկրներին մեղադրում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու փորձի մեջ։
«Անթույլատրելի և անընդունելի է, որ այն ժամանակ, երբ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, որևէ երրորդ կողմ սադրիչ քայլեր է ձեռնարկում կամ հակառակ կողմը քայլեր է ձեռնարկում նրանց ազդեցության տակ, դրսևորում ապակառուցողականություն», – ասել է Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։
Միաժամանակ, չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ վճռականորեն ճնշելու նման փորձերը։
«Մեր ռազմավարությունը հայտնի է, մենք ցանկանում ենք համագործակցություն հաստատել միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հարգելով փոխադարձ տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բայրամովը՝ լռելով, որ այս պահին Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր:
Այնուհետև Բայրամովը նշել է Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ Ադրբեջանը հավատարմություն է ցուցաբերում համաշխարհային օրակարգին։
Միաժամանակ նա ավանդաբար մեղադրել էր հայկական կողմին հարաբերությունների կարգավորման գործընթացը ձգձգելու մեջ։
«Ցավոք, գործընթացը ձգձգվում է, հայկական կողմը համաձայն չէ հարաբերությունների կարգավորմանը, մենք լուրջ արդյունավետ քայլեր չենք տեսնում»,- շեշտել է ԱՀ ԱԳ նախարարը։
Բայրամովը հաստատել է նաև, որ Վաշինգտոնում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։ Նա նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման նախաձեռնությունը գալիս է ԱՄՆ-ից. «Ադրբեջանը համաձայնել է, հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»։
Նա նաև հայտարարել է, թե իբր Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է «ոչ միայն քաղաքացիական նպատակներով»:
«Մինչ այժմ Լաչինում հայտնաբերվել է 1400 ական։ Եվս քանիսը կգտնվի ապագայում, հայտնի չէ։ Սա նշանակում է, որ ականները Ղարաբաղ են հասցվում Լաչինի միջանցքով։ Սակայն, ըստ եռակողմ հայտարարության, այս միջանցքը կարող է օգտագործվել միայն քաղաքացիների, տրանսպորտի և բեռների համար։ Սակայն Հայաստանը միջանցքն օգտագործում է այլ նպատակներով»,- ասել է նա։
Ադրբեջանցի նախարարը նաև հայտարարել է, թե Բաքուն մտահոգված է իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ տարածված հայտարարություններով։
«Մենք անհանգստացած ենք իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ տարածվող հայտարարություններով: Իմ իրանցի գործընկերը զգայուն է այդ հարցերի նկատմամբ և քայլեր է ձեռնարկում մեր հարաբերություններում բացասական երեւույթները վերացնելու ուղղությամբ: Մենք անմիջական շփումներ ունենք նրանց հետ»,- ասաց Բայրամովը: