Իշխան Սաղաթելյանի ելույթի հիմնական ուղերձները
Միասնության հանրահավաքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթի հիմնական ուղերձները․
Մենք սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը.մենք միասնական ենք Արցախի և Հայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։ Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։ Մենք ունենք ՊԱՀԵԼՈՒ հայրենիք, և այն միակն է։
Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։
Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. Լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։
Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:
Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։ Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով
Կապիտուլյացիան կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։ Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:
Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։ Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։
Դուք մեզ տվել եք Արցախը և Հայաստանը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և վճռականության պակաս չունենք, բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա:
Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։ Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։ Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։ Մենք պայքարում ենք, որ Հայաստանը լինի և առհասարակ վարչապետ ունենա: