2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում․ Նարեկ Մկրտչյան

2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մասնավորապես, նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրացվի 4,4 հազար դրամով՝ մինչև 36 000 դրամ։ Այն կստանան 65  տարեկանը լրացած անձինք։

Մկրտչյանը նաև հայտնեց, որ իշխանությունը մտադիր է վերանայել աշխատանքային թոշակների հաշվարկի բանաձևը։ Այսպես, 11 տարեկանից մեկ տարվա ստաժը կհաշվարկվի 525 դրամով՝ ներկայիս 500 դրամի փոխարեն, իսկ զինվորականների դեպքում՝ 1700 դրամ ներկայիս 1600-ի փոխարեն (առաջին տասը տարվա համար հաշվարկվում է հազարական դրամ)։

Բացի այդ, պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի՝ ներկայիս 46 000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38 000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն։

«Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023 թվականի հուլիսից կդառնա 38 000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն»,-պարզաբանեց նախարարը։

89629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։

Նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։