Պուտինը թույլատրել է ծանր հանցագործությունների համար չմարված դատվածություն ունեցող քաղաքացիների զորահավաքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն զորահավաքի շրջանակում կարող են զորակոչվել այն քաղաքացիները, որոնք որոշ ծանր հանցագործությունների համար ունեն չհանված կամ  չմարված դատվածություն։  Հաղորդել է «Կոմերսանտը»։

Նույն օրենքով սահմանվում են բացառություններ, երբ չմարված դատվածությամբ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչը հնարավոր չէ։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ծանր հանցագործություն կատարելու համար չհանված կամ չմարված դատվածություն ունեցող քաղաքացիները զորահավաքի համար զորակոչի  ենթակա չեն։

Այժմ «Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի և  զորահավաքի պատրաստության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետն ներկայացված է նոր խմբագրմամբ: Հստակեցվում է, որ զորահավաքի համար զինվորական ծառայության զորակոչի ենթակա չեն այն քաղաքացիները, ովքեր ունեն չհանված կամ չմարված դատվածություն վերը նշված կատեգորիայի միայն մի շարք որոշակի հանցագործությունների կատարման համար։

Մասնավորապես, դա վերաբերում է այն անձանց, ովքեր ունեն անչափահասի սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության, ահաբեկչության իրականացման, պատանդ վերցնելու, ապօրինի զինված խմբավորում կազմակերպելու, օդային, ջրային կամ երկաթուղային տրանսպորտի առևանգման համար չհանված և չմարված դատվածություն։

Զորահավաքի համար զորակոչին ենթական չեն լինի նաև միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի ապօրինի օգտագործման, դրանց գողության կամ շորթման համար չմարված դատվածություն ունեցող անձինք։

Բացի այդ, հնարավոր չի լինի մոբիլիզացնել միջազգային պաշտպանություն վայելող անձանց կամ հաստատությունների վրա հարձակումների համար չհանված և չմարված դատվածություն ունեցող քաղաքացիներին։