ԵՄ-ը Բրյուսելում հյուրընկալել է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը

Եվրոպական միությունը Բրյուսելում նոյեմբերի 3-ին հյուրընկալել է Ադրբեջանի ու Հայաստանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը և ողջունել է մասնակիցներին։

ԵՄ պաշտոնական էջի փոխանցմամբ, այս հանդիպումը հաջորդում է բրյուսելյան եռակողմ հանդիպումներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԵՄ-ն բարձր է գնահատում այն կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և ողջունում է սահմանների հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև անվտանգային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու կողմերի պատրաստակամությունը։
Հանդիպման մեկնարկին լուսանկարներ է «Թվիթերի» իր էջում հրապարակել ու գրառում կատարել ԵՄ  արտաքին գործողության ծառայության քարտուղար Ստեֆանո Սանինոն. «Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ նրանց երրորդ հանդիպման համար: Եվրամիությունը հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել՝ բարելավելու տեղերում անվտանգությունը՝ սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու  համար», – գրել է նա։