Կրակը վերցնելով իր վրա՝ Արցախը կրկին փրկում է Հայաստանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով երեկ Արցախի Հանրապետությունում կայացած ԱԺ արտահերթ նիստին և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին՝ Գառնիկ Իսագուլյանը զուգահեռներ անցկացրեց 88-ի շարժման հետ՝ հիշեցնելով, որ իրականում շատ ավելի վաղ՝ 85-86 թթ․ մեկնարկած շարժման ժամանակ մարդիկ կային՝ ի դեմս Իգոր Մուրադյանի և այլոց, որ գիտակցում էին Խորհրդային Միության փլուզումը․ «85-ից հետո այնքան տեսանելի էր, և մենք ինչ խնդիր էինք ուզում լուծել՝ Հայաստանը կարողանալ մաքսիմում էդ Խորհրդային Միության փլուզման փլատակների տակից առողջ հանել, և դրա համար մենք ինչ էինք մտածում՝ գոնե կարողանանք Հայաստանը մաքրել թուրքերից, որովհետև եթե Խորհրդային Միությունը փլուզվեց, այստեղ սկսվելու են այն բաները, որ տեղի են ունեցել 1918-20թթ․, Հայաստանն ուղղակի կորցնելու ենք։ Հայաստանը փրկելու համար էլի մենք դիտարկեցինք Արցախը՝ որպես փրկության օղակ։ Եվ Արցախը թե պատերազմը, թե ամեն արհավիրք վերցրեց իր ուսերին, պատվով տարավ և փրկեց Հայաստանը կործանումից», – կարևորեց Իսագուլյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով տարիներ շարունակ պնդել են, որ Արցախը տարածաշրջանում անվտանգության արտադրող է, և եթե տարածաշրջանում անվտանգության միակ արտադրողը որպես այդպիսին վերանա, մենք պատերազմի մեջ ենք հայտնվելու, ինչն այսօր անհերքելի փաստ է։

Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից՝ քաղաքական գործիչն ընդգծեց, որ ՔՊ վերջին համագումարը ցույց տվեց, որ այնտեղ նստած են ոչ հայկական պետականության, ոչ հայ ազգի շահերով առաջնորդվող մարդիկ։  Դրա վառ ապացույց այն է, որ Արցախում 100 հազարանոց հանրահավաք է, մինչդեռ Ալիևը հայտարարում է, որ էնտեղ ընդամենը 25 հազար հայ կա։ Այնտեղ հնչում են կարգախոսներ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ այստեղից իշխող կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանն ըստ էության իր թիմի հետ ասում է, որ իրենք ձեռքները լվացել են Արցախից, Արցախն Ադրբեջանի մաս է։

Իսագուլյանը վստահություն հայտնեց, որ Արցախի զարթոնքն անպայման շարունակություն ունենալու է, և ամբողջ խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք աջակցելու Արցախին, որ «էլի Արցախը մեր խնդիրը վերցնի իր վրա, պատերազմը Հայաստանից հանի․ մեկ անգամ դա արել է՝ Հայաստանը կործանումից փրկել է։ Հիմա էլ կան մարդիկ, ովքեր սա գիտակցում են, պետք է մի կողմ թողնենք անձնական փոխհարաբերությունները, հասկանանք, որ Հայաստանի ղեկին նստած են թշնամիները և ըստ այդմ գործենք՝ նախ թշնամիներին հեռացնել․ անհնար է սրանց առկայության պայմաններում խոսել որևէ լուրջ ծրագրի մասին, և աջակցենք Արցախին», հավելեց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում