Պետք է բոլոր հայերս հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ կլինի, եթե մենք կորցնենք Արցախը․ Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Համահայկական համաժողովը վերածվել է Հայաստան-Սփյուռք մոդելի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության փոխարեն։ Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը նույնպես չօգտագործեց Արցախ բառն իր ելույթում։

Ակամայից հարց է առաջանում, թե ինչը պետք է Սփյուռքի հետ օրակարգում այսօր առավել գլխավոր լիներ, քան հայությանը միավորող գաղափարը՝ Արցախը ուժեղացնելու, դրանով այն անկախ և ազատ պահելու մասին։ Անթույլատրելի է՝ իշխանությունների նման գործելաոճի ամրապնդումը։

Իհարկե, այսօր առավել քան երբևէ, սփյուռքի հետ մեր հարաբերությունները վերաարժևորելու խնդիր ունենք։

Տասնամյակների կենացներից և միայն ինչ-որ օգնություն տրամադրելու պասիվ քաղաքականությունից մի քանի քայլ առաջ պետք է անցնել։ Արցախը միշտ, բայց այսօր շատ ավելի շատ մեր բոլորիս կարիքն ունի։

Պետք է բոլոր հայերս հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ կլինի, եթե մենք կորցնենք Արցախը․․․ Դա թույլ չտալը պետք է դառնա բոլորիս համախմբման կետը․ ոչ մի թեմա այս պահին արդիական չէ, քան Արցախը վերակենդանացնելը, արցախցուն իր հողում պահելը։ Եվ ի վերջո, պետք է խոսքերից գործի անցնենք և այդպես ցույց տանք մեր սերն ու նվիրումը մեր ինքնության, մեր հայրենիքի հանդեպ»։