Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ և ռուսական առաջարկներ․ Մարուքյանը՝ Առաջին ալիքի եթերում

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար։ Հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմը կպնդի և կհամոզի ադրբեջանական կողմին»,- նշել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանն ասել է, որ ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը հետաձգվի։ Հայկական կողմը դրական է արձագանքել։ Իսկ Արևմուտքի բանավոր առաջարկները հետևյալն է, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի միջազգային մեխանիզմ և նրանց դիտարկման ներքո տեղի ունենա բանակցություններ՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների, անվտանգության, ազատությունների հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանը համաձայն չէ ոչ առաջինին, ոչ երկրորդին։