Նիկոլը մտադիր է 12-15 տարի պատիժ կրելով՝ գլուխն ազատել

Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ առաջարկելով Հայաստանի Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) լրացումներ կատարել և Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություն կատարողին ազատազրկել 12-15 տարի: Ահա ինչպես է նախագծում սահմանված այդ քրեորեն հետապնդելի հանցագործությունը. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։

Պարզ է չէ՞, որ նման փոփոխությունները կատարվում են առկա խնդիրներից, վտանգներից, մարտահրավերներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության: Ասել է թե՝ իշխանությունները վտանգ են տեսել, որ Հայաստանի Հանրապետությունում երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություններ են կատարվում և նման քայլերը կանխելու համար իրավական լծակներ են ստեղծում: Բայց այս տրամաբանության կիրառումն ամենևին չի վերաբերում ներկա իշխանություններին, քանի որ փորձը ցույց է տվել՝ օրենսդրական փոփոխությունները միտված են Հայաստանի գլխին պատուհաս դարձած իշխանությունների կողմից երկրի փրկության համար պայքարող անձանց ու խմբերին պատժելուն, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելուն և լռեցնելուն: Եվ դա անհերքելի փաստ է: Իսկ եթե նպատակը ճնշումների լծակներ ձեռք բերելը չէ, ապա Հայաստանն ու Արցախը սկուտեղի վրա մեր թշնամիշներին մատուցելն է, Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, թուրքական էքսպանսիայի համար հրաշալի պայմաններ ապահովելը՝ ներդրումների  և խաղաղության օրակարգի անվան տակ կամ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելը՝ հակառուսական տրամադրություններ սերմանելով և ռուսական ռազմաբազան դուրս բերելով Գյումրուց, ՌԴ-ի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում խզելով: Եվ ահա Նիկոլի ղեկավարած իշխանության այս փորձն աչքի առաջ ունենալով, ակամա հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է նման նախագիծ կյանքի կոչվել, դրան օրենքի ուժ տալով՝ ի՞նչ հերթական մուրճ է թափ տալու այս մանկուրտը Հայաստանի և հայ ժողովրդի գլխին: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ 12-15 տարի ազատազրկումը թերևս Նիկոլի համար հայրենիքին մատուցած «ծառայությունների» նվազագույն գինն է, ի վերջո հենց նա է իր կառավարման տարիներին նախ Արցախի զգալի մասը հանձնել թշնամուն և հիմա էլ բանակցությունների միջոցով փորձում է զավթիչներին նվիրել նաև Արցախի փրկված հատվածը (դրա մասին են վկայում թե Նիկոլի՝ ԱԺ հարթակից արված հայտարարությունները, թե խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախին վերաբերող կետը, թե քպ-ականների հակահայկական հայտարարությունները), Սյունիքը, որով պատրաստվում են միջանցք տալ Ալիևին, չմոռանանք Սև լճի, Իշխանասարի, Աղավնոյի, Բերձորի մասին, որոնք Նիկոլը բանավոր պայմանավորվածություններով պարզապես հանձնեց Ադրբեջանի գերեվարմանը: Իսկ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նրա արած հայտարարությունը, թե Հայաստանը Ադրբեջանի մաս է, արդյո՞ք ավելի վաղ Հայաստանում այսպես կոչված ադրբեջանական անկլավների գոյության մասին պնդումների շարունակությունը չէ: Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ իր հակահայկական և պրոթուրքական հայացքներն ապացուցած Նիկոլը մոտ ապագայում բարձր ամբիոնից չի բղավի, թե Երևանը պատմական ադրբեջանական քաղաք է և այն պետք է վերադարձվի տերերին՝ մեզ ուրիշինը հարկավոր չէ: Վերջերս թվիթերյան գրառման մեջ նա արդեն նման ակնարկ արեց ամբողջ Հայաստանի վերաբերյալ, երբ ալիևյան հռետորաբանությամբ հայտարարեց, թե արևելյան Ադրբեջան գոյությունի ունի՝ ասես ակնարկելով նաև արևմտյան Ադրբեջանի գոյության մասին: «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել էր Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան: Իսկ մենք գիտենք, որ Ալիևն է պատեհ ու անպատեհ կեղծում, թե Հայաստանը արևելյան Ադրբեջանի տարածքն է եղել: Արևելյան Ադրբեջան եզրույթը կիրառվում է ադրբեջանական գրքերում և քարտեզներում, դրանցում Արևմտյան Ադրբեջան է ներկայացվում մեր այսօրվա Հայաստանը, իսկ Արևելյան՝ այսօրվա Ադրբեջանը։ Օգտագործելով Արևելյան Ադրբեջան եզրույթը՝ Փաշինյանը հաստատում է Ալիևի ասածը և էստի համեցեք անում՝ մուղամ լսելու և թեյ խմելու: Սա հայադավ ծրագրի մի մասն է, որի իրականացնողներից են քպ-ի թիմի ներկայացուցիչները, ալիևյան վասալները: Թեև միամտություն է մտածելը, թե մեզանում ներդրված թրքահպատակը այդ նախագիծն իրեն պատժելու համար է հորինել և ցանկանոմ է գլուխն ազատել 12-15 տարի ազատազրկումով: Այս տրամաբանությունը պարզապես առիթ էր ներկայացնելու, որ Փաշինյանը հերթական ծուղակն է լարում նրանց դեմ, ովքեր կփորձեն իր արյունոտ ձեռքերից հնարավոր միջոցներով ազատել Հայաստանը և թույլ չտալ, որ այս ազգուրացը հանձնի դարավոր թշնամիներին: Երկար բարակ մտորել, վերլուծել ու փաստերը համադրել պետք չէ հասկանալու, որ Ռուսաստանի դեմ ատելությամբ լցված և արևմտյան տերերի հրահանգները կատարելուն լծված Փաշինյանի հերթական հակառուսական նախաձեռնությունն է այս նախագիծը, որն անմիջականորեն վտանգելու է Հայաստանի ինքնիշխանությունը, եթե ոչ գոյությունը: Որոշ ժամանակ առաջ Նիկոլի ՀԺ-ն իբրև հավաստի աղբյուրի վրա հղումով հանրային քննարկման հարթակ նետեց տեղեկություն (ապատեղեկություն) այն մասին, թե իբրև Ռուսաստանը պարտադրում է Հայաստանին ընդգրկվել Միութենական պետության կազմում: Իհարկե, ռուսական պաշտոնական աղբյուրներն այդ հոդվածն անհեթեթություն համարեցին, մեղմ ասած՝ հիմարություն: Թեև այն ավելի շուտ Ռուսաստանի դեմ լարած հերթական ծուղակ էր, որի շարունակությունը հենց այս նախագիծն է: Այլապես ուրիշ ո՞վ կամ ովքե՞ր են այսօր Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլեր անում, եթե ոչ հենց գունավոր հեղափոխությամբ երկրի կառավարումը զավթածները: Եվ ահա, այդ հոդվածում կարմիր գծով այն միտքն էր հրամցվում հայ հանրությանը, թե իբրև Ռուսաստանն այդ պարտադրանքով ձգտում է զրկել Հայաստանի Հանրապետությանն ինքնիշխանությունից և կախվածության մեջ դնել ՌԴ-ից: Այնինչ ռուսական պաշտոնական աղբյուրները մի քանի առիթով խոսել են այդ կառույցի մասին՝ շեշտելով, որ դրանում ընդգրկված որևէ պետություն չի զրկվելու իր պետականությունից և մենք գիտենք, որ Միութենական պետության մեջ ընդգրկված Բելառուսն այսօր թերևս շատ ավելի ինքնիշխան է ու պաշտպանված, քան Հայաստանի Հանրապետությունը: Միութենական պետությունը Եվրամիության մոդելի կառույց է հավակնում դառնալ, և եթե Նիկոլը հանրությանը խաբում է, թե ՌԴ-ն Հայաստանին ենթակա հանրապետության է ուզում վերածել երբեմն ԽՍՀՄ հանրապետությունների օրինակով, ապա պետք է նաև համոզի, որ Եվրամիության մեջ ընդգրկված Եվրոպական պետություններն անկախ չեն, ինքնիշխան չեն: Մյուս կողմից էլ ներկայացնի այն ծրագիրը, թե ինչպիսի՞ն է իր հայկական ապագան, դեպի ո՞ւր է տանում նա Հայաստանը։ Միամիտ չլինենք և փաստենք, որ աշխարհաքաղաքական այսօրվա վերադասավորումների պայմաններում Հայաստանը չի կարող միայնակ, առանց որևէ կառույցի անդամագրվելու և դրա հովանու տակ անցնելու՝ խուսափել ճակատագրական հարվածներից։ Պարզ է, որ օրենքի այդ փոփոխությամբ ի վերջո կլռեցվեն այն անհատները, կազմակերպությունները, որոնք սթափության կոչեր են անում՝ հորդորելով մեջքով չշրջվել դեպի Ռուսաստանը, նրան չհեռացնել տարածաշրջանից, քանի որ Ռուսաստանի բացակայությունը տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը կդարձնի արյունարբու թուրքի ոտքի կոխան, այն թուրքի, որի պանթուրանական նկրտումներն այսօր էլ դեռ արդիական են։ Եվ դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է մեծ հավակնություններով ունեցող այդ պետությունը։ Նախագիծն օրենքի ուժ ստանալուն պես զարմանալի չի լինի, եթե մեկը մյուսի հետևից ձերբակալվեն և ազատազրկվեն Հայաստանի ու Արցախի փրկությունը Ռուսաստանի հետ կապող քաղաքական, հասարակական ուժերը, գործիչները։ Եվ ամենևին կապ չունի, որ վերպետական կառույցներին անդամակցելն ամենևին չի սահմանափակում պետության անկախացումը։ Դրա համար կան Փաշինյանի քմահաճույքների կամակատար դատավորներ ու իրավական համակարգի աշխատողներ, որոնք վերջին չորս տարիների ընթացքում հմտացել են գործեր կարելու մեջ։

Թագուհի Ասլանյան