Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ թե 51, այլ 127 քառ. կմ տարածք է գրավել․ Ազատություն

Ճիշ՞տ է տեղեկությունը, որ ադրբեջանական զորքերը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից 127 քառ. կմ տարածք են գրավել։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ Պաշտպանության նախարարությունից են ասել. – «Ես աշխատում եմ Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ։ Մեր հանձնաժողովը պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողով է, և իհարկե, մեր առաջին գործընկերը Պաշտպանության նախարարությունն է»։

Այս ծավալի կորստի մասին առաջին անգամ է հրապարակվում։ Իշխանական պատգամավոր Խաչատրյանը այս թիվը հնչեցրեց օրերս Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ժամանակ։

Իսկ մինչ այս պաշտոնապես բոլորովին այլ թիվ էր հրապարակել։ Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի հարձակումից մեկ օր անց Ազգային ժողովում հայտարարել էր, թե այդ մարտերի ժամանակ Ադրբեջանը տասը քառ. կմ տարածք է գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքից. – «Էս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս տասը քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից»։

Իսկ 2021-ին հայտարարվել էր 41 քառ. կիլոմետրի կորստի մասին։ Ստացվում է, որ 2021-ից մինչև օրս 51 քառ։ կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը։ Ինչո՞վ է բացատրվում այս տարբերությունը, Փաշինյանը թաքցրե՞լ է ճշմարտությունը։ Արմեն Խաչատրյանն ասաց՝ վարչապետը խոսել է միայն վերջին տվյալների մասին. – «Երկուսն էլ ճշմարիտ ա։ Որովհետև վարչապետը խոսում էր վերջին ժամանակահատվածի մասին, իսկ ես խոսում էի ընդհանրապես 21 թվականից առ այսօր»։

Անցա՞ծ տարվա տվյալն են թաքցրել… Փաշինյանի թիմակիցը չցանկացավ այս թեմայով զրույցը շարունակել։ Հրաժարվեց մանրամասնել նաև, թե քանի դիրք է Հայաստանը վերջին մարտերում կորցրել, կամ 2021-ից մինչ օրս. – «Դիրքերի առումով չեմ կարող ասել և չեմ էլ ասի այդ թիվը։ Նպատակահարմար չեմ գտնում ասելու, թե քանի, որտեղ և ինչ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում