Փաշինյանի և Չավուշօղլուի նպատակը նույնն է՝ խարխլել Հայաստան-Սփյուռք միասնությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն է:

«ՀՀ վարչապետ Փաշինյանը, գալով իշխանության, անընդհատ խոսում էր «սև»-երի ու «սպիտակ»-ների մասին՝ քաղաքական դաշտը բաժանելով յուրայինների ու օտարների։ Նաև խոսում էր Հայաստանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը տարանջատելու մասին։ Իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում նա գոռում ու իր գլխավերևում ճոճում էր մի մուրճ՝ անընդհատ ասելով, թե ջարդելու եմ իմ հակառակորդների գլուխները, ասֆալտին եմ փռելու, պատին եմ խփելու։ Հստակ է, որ այս իշխանությունը ոչ մի նպատակ չունի ազգը միավորելու, հակառակը, ամեն ինչ անում են, որ ազգը բաժանեն»․ «Մենք» հաղորդման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանության կողմից հոկտեմբերի վերջին հրավիրված Համաշխարհային համահայկական համաժողովին, որի կազմակերպչական աշխատանքերին այս իշխանությունը չի հրավիրել մասնակցելու ոչ՛ Էջմիածնին, ո՛չ Սփյուռքի հայտնի համահայակական, ազգային, ավանդական կազմակերպություններին, Սասունյանն ասել է․ «Պետք չէ զարմանալ, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման անկազմակերպ մի համաժողով է նախաձեռնել, որին չի մասնակցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Կիլիկիո Կաթողիկոսը, նաև մի շարք համահայկական կազմակերպություններ։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ ասել է, որ Եկեղեցին նպատակահարմար չի գտնում մասնակցելու իշխանության կազմակերպած PR-ին, որովհետև արդեն 4 տարի է, որ Փաշինյանը մի կողմից հայությանը բաժանում է, մյուս կողմից կարևոր պաշտոնների է նշանակում անփորձներին, ոչ պրոֆեսիոնալներին, ինչպիսին է Զարեհ Սինանյանը»։

«Մենք այսօր ունենք գոյութենական խնդիրներ՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող, ու այս ճգնաժամային պահին այս իշխանությունը նման անլուրջ խաղեր է կազմակերպում՝ ինչի ժամանակը չէ։ Այս իշխանությունը անընդհատ խոսում է դեմոկրատիայի ու միասնության մասին, սակայն անում է հակառակը․ իրականում գործ ունենք դիկտատորական իշխանության հետ։ Փաշինյանն ավելի կոշտ, վայրագ խոսքեր է ասում իր քաղաքական հակառակորդների, քան ազերիների ու թուրքերի հասցեին»։

«Մոտ 50 տարի ապրում եմ ԱՄՆ-ում, որը , այսպես ասած, դեմոկրատական երկիր է աշխարհում։ Բայց շատ հստակ է, որ այդ դեմոկրատիան պարզապես մի գաղափարախոսություն է, ինչը շահագործում են՝ իրենց ազգային շահերը հետապնդելով, հաճախ ոտնակոխ են անում բոլոր սկզբունքները՝ հենց նույն ժողովրդավարությունը, անկախությունը, ազատությունը։ Անում են այն, ինչ ուզում են, քանի որ իրենք ուժեղ են՝ անտեսում են թույլերին ու փորձում իրենց շուրջը հավաքել տկարներին՝ ինչպիսին է Հայաստանը։ Տեսնում են, որ Փաշինյանը հլու-հնազանդ կամակատար է, դրա համար չեն ուզում, որ նա պաշտոնից հեռանա, քանի որ շարունակում է ենթարկվել արտաքին հրահանգներին։ Ինչից շատ գոհ է Արևմուտքը»։

«Թուրքիան ու Ադրբեջանը ևս շատ գոհ են Փաշինյանից, քանի որ տեսնում են՝ ՀՀ իշխանության ղեկին մի թույլ, տկար անձնավորություն է, որը պատրաստ է գնալ ամեն տեսակ զիջումների՝ ի նպաստ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Մեր թշնամիները շատ ուրախ են, որ ՀՀ-ն այսօր ունի նման ղեկավար, դրա համար գովում են Փաշինյանին ու նրա հանդեպ սիրալի վերաբերմունք ցուցաբերում»։

«Պետք է զգուշացնեմ մեր ժողովրդին՝ չխաբվել Արևմուտքի ականջահաճո հայտարարություններին։ Ի՞նչ գործնական արդյունք ենք ստացել նրանց խոսքերից՝ ոչ մի։ Կոնգրեսը հայտարարեց հայ գերիների վերադարձի մասին, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ևս նման հայտարարություն արեց, խոսեց Ալիևի հետ, սակայն Ալիևը հայտարարեց՝ ով ինչ կասի, ես կանեմ այն, ինչ ուզում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում