Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի և նրանց հովանավոր ԱՄՆ-ի նպատակը Հայաստան-Իրան սահմանի փակումն է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որն այսօր մասնակցել է Կապանում իրանական գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությանը։

Մինչ այդ Իրանի ԱԳ նախարարը Երևանում հերթական անգամ հայտարարեց,  որ Հայաստան-Իրան սահմանն իրենց համար կարմիր գիծ է, միաժամանակ,  բարձրաձայնեց իրանական կողմի  մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների առկայության մասին: Ակնարկն ուղղված էր ԵՄ դիտորդների ներկայությանը Հայաստանում։

«Մենք» հաղորդման հյուր միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցին՝ նկատեց․ «Հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին հույսի մի  հնարավորություն կա՝ Իրանի միջոցով փորձել դիմագրավել  թուրք- ադրբեջանական ճնշումներին։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԵՄ դիտորդների ներկայությունն իր սահմաններին անթույլատրելի է իր համար։ Այն, որ ուղարկված 40 դիտորդները դեռ զինված չեն, դա դեռ չի նշանակում, որ զինված չեն լինելու նաև հետագայում․․․ ԵՄ-ը կարող է հայտարարել, թե ունի մաքուր նպատակներ, որ պարզապես  մոնիթորինգ է իրականացնում՝ սահմանային  իրավիճակը ցույց տալու համար, բայց նաև լարված իրավիճակով պայմանավորված կարող է   ոստիկանական ուժեր մտցնել Հայաստան»։

«Կա մեկ այլ կարևոր  հանգամանք․ ԵՄ դիտորդական առաքելությունը միայն ՀՀ տարածքում է  իրականացվում, քանի որ  Ադրբեջանն ասել է՝ դա ինձ համար հետաքրքիր թեմա չէ։ Այսինքն, ագրեսորը հետաքրքրված չէ, որ իր մոտ դիտարկում արվի։ Այդ  դեպքում ո՞րն է այդ դիտորդական առաքելության նպատակը։ Որտեղի՞ց այն վստահությունը, որ դիտորդները օբյեկտիվ տեղեկատվություն կփոխանցեն  հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի մասին»։

Միջազգայնագետը նաև նկատեց․«Արդյո՞ք, դիտորդական առաքելություն իրականացնողների մոտ գայթակղություն չի առաջանա այլ տեղեկատվություն ևս փոխանցել եվրոպական կառույցներին, ինչն այս անգամ կապված կլինի Իրանի հետ»։ Ի դեպ, Իրանում կա նման մտահոգություն, որ ԵՄ դիտորդները կարող են  իրականացնել հետախուզական գործառույթ, ինչը կարող է օգտագործվել և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի դեմ։

Միջազգայնագետը նկատեց․ «Ադրբեջանն ու Թուրքիան թքած ունեն միջազգային հանրության վրա,  նրանց ցանկացած հայտարարության և  ընդունած բանաձևերի վրա։ Այս երկու երկրները  հասկանում են միայն մեկ լեզու՝ դա ուժի լեզուն է։ Եվ մենք կարող ենք օգտագործել Իրանի հնարավորությունները, պետք է սեղմենք նրա մեկնած ձեռքը՝ որպես հակակշիռ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման։ Հայաստանը չպետք  է բաց թողնի շանսը Ադրրբեջանին ու Թուրքիային վնաս հասցնելու հարցում։ Մենք պետք է ամեն օր վնասենք այս երկու երկրին՝ դա կլինի տնտեսապես, իմիջային, թե ռազմական առումով»։

Ըստ Գրիգոր Բալասանյանի, եթե մենք այսօր թույլ ենք, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ուժեղ,  դա չի նշանակում ունենալ մորթվողի հոգեբանություն ու սպասել, թե ինչպես է մեր հայրենիքը խեղդվում մի ազգի ներկայացուցիչների կողմից, որոնք այս տարածաշրջանի հետ ոչ մի կապ չունեն»։

Նա ասաց, թե թուրքերն ու ադրբեջացիները խանդով են վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին․ «Իրենց խանդը հայ-իրանական հարաբերությունների հետ կապված պայմանավորված է երկու ժողովուրդների բնիկությամբ։ Մենք ունենք կոմպրոմատներ մեր ձեռքում, որ իրենք եկվոր են ու այս տարածաշրջանում ընդունված ժողովուրդներ չեն։ Ադրբեջանի ու Թուրքիայի  համար աղետալի կարող է լինել երկու հին ժողովուրդների՝ հայերի ու իրանցիների  համագործակցությունը»։

Անդրադառանալով տեղեկատվությանը, թե ՀԱՊԿ-ը հայտարարել է արտահերթ նիստի անցկացման մասին՝ ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համար, միջազգայնագետը նկատեց․ «Շատ մեծ է հավանականությունը, որ ԵՄ դիտորդական առաքելությունն ու ՀԱՊԿ-ը կսկսեն խանգարել միմյանց։ Հնարավոր է, որ  ՀԱՊԿ-ն ուղղակի արգելի ԵՄ դիտորդներին այցելել սահմանային տարբեր վայրեր։ ՀՀ իշխանությունն ինչպիսի՞ կեցվածք է ընդունելու, զանգելու են ՀԱՊԿ, ասեն՝ թողեք  ԵՄ դիտորդներին այցելել այս կամ այն տարա՞ծք։  ՀՀ իշխանությունը երկիրը պետք է զերծ պահի գերտերությունների բախման տեղ դառնալուց»։

Էրդողանը գտնվելով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջաններում, երեկ  հայտարարեց, թե մենք հայերին պետք է դեմ տանք պատին՝ տուգանք կիրառելով  Հայաստանի դեմ, ըստ Բալասանյանի՝ Հայաստանը պետք է արձագանքեր ու հակաքայլեր իրականացներ․ «Հայաստանն ունի շատ լուրջ լծակներ, ի դեմս հայկական սփյուռքի։ Մենք պետք է վարենք նախաձեռնողական քաղաքականություն։ Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, չի պատրաստվում մեզ փոխհատուցում տալ։ Աշխարհի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներում պետք է հայտարարվի հետախուզում թուրքական կապիտալի նկատմամբ։ Սրանով  պետք է զբաղվեինք վաղուց, որպեսզի այսօր Էրդողանն իրեն իրավունք չվերապահեր հայտարարելու, թե Հայաստանին մինչև վերջ պատին պիտի սեղմել»։

Բալասանյանը նաև նկատեց, որ Էրդողանի այդ հայտարարությանը շատ արագ պետք է արձագանքեր ՀՀ իշխանությունը, Ռուբինյանը պետք է հետ կանչվեր ու հայտարարվեր, որ հայ-թուրքական խաղաղության գործընթացը դադարեցվում է, ու հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ ձեր խելքը գլուխներդ կհավաքեք։ Պետք է ասվեր, եթե խոսում ենք փոխհատուցումից, ուրեմն Հայաստանն էլ կսկսի փոխհատուցումից։ Ու այդ դեպքում կտեսնենք՝ ո՞վ է դրանից շահում կամ տուժում։ Նման քայլերի դեպքում Թուրքիան կհասկանա, որ պետության հետ գործ ունի»։

Անդրադառնալով Կապանում բացվող իրանական  գլխավոր հյուպատոսությանը՝ ասաց․ «Մենք Սյունիքի անվտանգության համակարգը մեկ աստիճանով  բարձրացնում ենք, ու պատահական չէ, որ Իրանն այս խառը օրերին է որոշեց բացել հյուպատոսությունը։ Սա նշանակում է, որ Իրանն  իր գործողություններով  ցույց է տալիս, որ ինքը Սյունիքը չի հանձնելու թուրք-ադրբեջանական հոշոտմանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։