Կառավարությունն Աշտարակում անհատույց տարածք է տրամադրել «Հայկական կարմիր խաչի ընկերությանը»

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում որոշեց Աշտարակ քաղաքի Ղափանցյան 5 հասցեում գտնվող ՊԱԳ Արագածոտնի մարզային կենտրոնի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայկական կարմիր խաչի ընկերությունը» այդ խնդրանքով դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ծրագիր:

«Հայկական կարմիր խաչի ընկերությունը» Արագածոտնի մարզում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ աջակցելով բազմաթիվ շահառուների: Ներկայումս Կազմակերպության Արագածոտնի մարզային մասնաճյուղն ունի տարածքի խնդիր, քանի որ վերջինս իր գործունեությունն իրականացնում է նկուղային հարկում գտնվող գրասենյակային տարածքում, որի պայմանները բավարար չեն արդյունավետ գործունեության ծավալելու համար: