Ծեծողներից մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ․ Էդգար Ղազարյան

«Հարվածների, սալջարդի տեղեր կան, բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա: Չնայած առաջարկեցին 1-2 օր հիվանդանոցում մնալ, բայց ես կարծում եմ՝ տանն ավելի հարմարավետ կլինի: Եթե անհրաժեշտ լինի՝ կդիմեմ բժիշկների օգնությանը»,- հոկտեմբերի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որին իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

Էդգար Ղազարյանը պատմեց դեպքի մանրամասների մասին․ «Մեր շենքի բակում է տեղի ունեցել: Իրենք դարանակալել էին, ինձ սպասում էին: Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետևել էին իմ շարժին: Հետ վերադառնալուց նույնիսկ նկատեցի իրենց որպես շենքի կամ բնակիչ կամ այցելու, բարևեցի անցա: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Ակնհայտ, իրենց մտադրությունը նույնիսկ կարող էր սպանելը լինել, որովհետև ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Դրանից հետո իրենք գնացեին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք:

Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»:

Նա նաև նշեց, որ հարձակվողները որևէ պահանջ չեն ներկայացրել, որևէ խոսք չեն ասել. «Ես վերջին շրջանում որևէ մեկի հետ անձնական խնդիրներ, որևէ մեկի հետ վեճ, վիճաբանություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ հիմնկանում «ֆեյք» պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչ այդ անցյալ ունեցել եմ վիրավորանք-սպառնալիք, դիմել եմ ոստիկանություն, քրեական գործեր են հարուցվել, հետո քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը հանելուց հետո կարճվել են: Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու  մտադրությամբ»,-ասաց քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ հանցագործները եղել են երիտասարդներ, մոտ 30 տարեկան: «Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ: Կարծում եմ՝ պատվիրել է, ինքը դժվար անձամբ դա աներ: Իրենք ակնհայտորեն եկել էին իմ կարծիքով սպանություն իրականացնելու: Բարեբախտաբար չի հաջողվել: Իրենց ագրեսիվության աստիճանը դրա մասին էր խոսում»,-ասաց Ղազարյանը: