Արցախում պետական աջակցության ծրագրերով կխթանվի արևային ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների օգտագործումը

Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, Արցախում 2023 թվականի բյուջետային տարում նախատեսվում է պետական աջակցության գործող ծրագրում ընդգրկել նաև գազաֆիկացված համայնքները:

Այս մասին «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը՝ հավելելով, որ  աջակցման մոդելը կձևափոխվի, որը ենթակա է լրացուցիչ քննարկման:

«Կառավարության ծրագրի համաձայն՝ չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ- բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման գործընթացը մեկնարկել էր այս տարվա օգոստոս ամսից, որի ընթացքը, սակայն, ադրբեջանական սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով որոշ ժամանակ խաթարվել էր: Այս պահին հայտ ներկայացրած 155  շահառուից ծրագրից օգտվել է 66-ը՝  Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամասում, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, ՆՆգի, Պառավաթումբ, Կաղարծի և Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Ճանկաթաղ, Կիչան համայնքներում:  Ընդ որում 31 արևային ջրատաքացուցիչ տեղադրվել է միայն Կոլխոզաշեն համայնքում, ինչը նշանակում է, որ գյուղի տնային տնտեսությունների գրեթե 50 տոկոսը ձեռք է բերել նշված համակարգերը»,-մանրամասնել է Մեջլումյանը՝ նշելով, որ տեղադրվող  արևային ջրատաքացուցիչների  արժեքի 50 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, իսկ մնացածը բնակիչ-բաժանորդը: Սոցիալական որոշակի խմբերի պատկանող 33 ընտանիքի  այդ հարցում աջակցել է Հայ օգնության միությունը:

Ներկայում, մեր զրուցակցի տեղեկատվությամբ,  արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրից օգտվելու համար 9 համայնքից հայտագրված է ևս  90 շահառու, որից 28-ը ընտրված են ՀՕՄ Արցախի միավորի կողմից:

Ուսումնասիրելով բնակիչների կողմից ներկայացված հայտերը՝ արձանագրվել է, որ նույն բնակավայրի բնակիչները հիմնականում ընտրում են միևնույն մատակարար ընկերությունը՝  պայմանավորված  նրա  առաջարկած արժեքի մատչելիությամբ:

«Այն համայնքներում, որտեղ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, բնակչությունը հավաստիանում է արևային ջրատաքացուցիչների օգտակարության հարցում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում դրանց ձեռքբերման և տեղադրման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ բնակիչներն առաջնորդվում  են էներգետիկ ծախսերը նվազեցնելու տրամաբանությամբ, սակայն շահագործելուց հետո իրենց գոհունակության աղբյուրը դառնում է հենց մեծ ծավալով տաք ջուր ունենալու փաստը»,-ասաց գերատեսչության բաժնի պետը՝ ընդգծելով, որ արևային ջրատաքացուցիչների տեղադրման շնորհիվ չգազիֆիկացված համայնքում բնակչի էներգետիկ ծախսերը կրճատվում են տարեկան միջինը 80 հազար դրամի չափով, իսկ արդեն 2-3 տարի  հետո նա լիովին անվճար տաք ջուր կունենա։

Պետական ծրագրով անցած տարի 16 արևային ջրատաքացուցիչներով  են ապահովվել նաև Արցախում գործող «Երկարօրյա դպրոցներ»-ը:

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։